Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ 2009-2011 թվականներին Ադրբեջանը խոշտանգել եւ ազատությունից ապօրինի զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը նշել է, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Ա. Բադալյանին վճարել 30.000 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:
«Հատկանշական է, որ այժմ էլ Ադրբեջանը շարունակում է խախտել իր տիրապետության տակ գտնվող հայ գերիների եւ քաղաքացիական անձանց իրավունքները»,- ընդգծել է Լիպարիտ Դրմեյանը։
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ 2009 թվականի մայիսի 9-ին դիմումատուն անհետացել է եւ գերեվարվել ադրբեջանական ուժերի կողմից: Նրա հարազատները կապվել են Հայաստանի իշխանությունների հետ, որից հետո նա գրանցվել է որպես անհայտ կորած Հայաստանում, եւ ձեռնարկվել է վերջինիս որոնումը:
Արթուր Բադալյանի գտնվելու վայրը անհայտ է եղել ընտանիքի եւ Հայաստանի իշխանությունների համար մինչեւ 2010-ի նոյեմբերի 5-ը, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան գրանցել է որպես Ադրբեջանում պահվող հայ գերի: Դրանից հետո ԿԽՄԿ-ն կալանավայրում պարբերաբար այցելել է դիմումատուին մինչեւ 2011-ի մարտի 17-ը, երբ նա ԿԽՄԿ միջնորդությամբ գերիների փոխանակման շրջանակում վերադարձվեց Հայաստանի իշխանություններին: Փոխանակումը կատարվել էր Ակնայի շրջանում:
Արթուր Բադալյանը գերեվարվել էր, երբ գնացել էր Ադրբեջանին սահմանամերձ Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղ` անտառում սունկ հավաքելու: