Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան հայտնել է, որ հուլիսի 23-ին Տոկիոյի ազգային մարզադաշտում նախատեսված 32–րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա կլինի 950 հանդիսատես, բոլորն էլ՝ պաշտոնատար անձինք:
Բացման արարողությանը մասնակցող մարզիկները պարտադիր բժշկական դիմակներով կլինեն եւ սոցիալական հեռավորություն կպահպանեն:
Օլիմպիական խաղերի բացման նորամուծություներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր երկիր կունենա երկու դրոշակակիր` մեկական կին եւ տղամարդ: ՄՕԿ-ն այս խաղերը փորձում է անցկացնել գենդերային հավասարության նշանաբանով: Մասնավորապես այս խաղերում կին մասնակիցների թիվը կլինի 48,8 տոկոս:
Փոփոխություններ են կատարվել նաեւ երդման արարողությունում․ տեքստը կարտասանի ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց եռյակը (մեկական մարզիկ, մրցավար եւ մարզիչ):
Շքերթի ընթացքում պատվիրակությունների մուտքը ստադիոն կլինի ճապոնական այբուբենով: Հունաստանի մարզիկներից անմիջապես հետո, որն ավանդաբար առաջինն է լինում որպես խաղերի նախահայր, կանցնի փախստականների հավաքականը: Հայաստանը 13-րդն է մուտք գործելու ստադիոն:
Օլիմպիական խաղերի բացումը պաշտոնապես կհայտարարի Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն: Նրա հրավերով բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
Ճապոնիայի նախկին վարչապետ, օլիմպիական կազմկոմիտեի խորհրդական Սինձո Աբեն հրաժարվել է օլիմպիական խաղերի բացման արարողությանը այցելելուց, որին հրավիրվել էր որպես բարձրաստիճան հյուր։
Աբեն անհնար է համարել իր ներկայությունը հանդիսավոր միջոցառմանը, քանի որ նույնն իրենց թույլ տալ չեն կարող Ճապոնիայի քաղաքացիները։
Կազմակերպիչները որոշել են ոչ միայն օլիմպիադան անցկացնել առանց օտարերկրյա երկրպագուների, այլեւ տեղի հանդիսատեսին թույլ չեն տա ներկա լինել միջոցառմանը Ճապոնիայի վեց վարչական միավորներում, այդ թվում` Տոկիոյում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը` Ջիլը, կգլխավորի երկրից օլիմպիական խաղերին մեկնող պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է նաև Ճապոնիայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռեյմոնդ Գրինը։