Երկու ձեռքով ամուր պահած, ինչպես սկուտեղն են զգուշորեն տանում, Անտոնինա Նիկոլաեւնա Գրիշինան խոսում է ինքն իր ու մեզ հետ՝ «Ահա իմ հարստությունն է, տարիներիս վաստակը․․․», իսկ ձեռքին Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Սովետի նախագահության շնորհած վկայականն ու մեդալն են։ 1987 թվականին Գրիշինան ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչման է արժանացել։
«Վաստակավորի կոչումը, սակայն, ինձ գրեթե հինգ տասնամյակ բասենցիներն են ամեն օր շնորհում»,- հուզված ասում է գյուղի ամենասիրելի ուսուցչուհի Անտոնինա Նիկոլաեւնան։
Երբ կարեւոր բան է ուզում ասել կամ հուզվում է, հայերենից սահուն անցնում է մայրենիին։ Պատմում է, թե ինչպես կյանքն իրեն հեռավոր հյուսիսից բերեց, հասցրեց Հայաստանի հյուսիսի անկյուններից մեկը՝ նախկինում Քյափանակ, այնուհետեւ Մուսայելյան, այժմ Բասեն գյուղ։
Պենդինսկի տարածաշրջանի անտառների մեջ ծվարած Ստառիյ Վոլովայ գյուղում է ծնվել ու, ինչպես ինքն է ասում, հեքիաթի մեջ մանկությունը վայելել մանկավարժ մոր եւ կոմբայնավար հոր առաջնեկ դուստրը՝ Տոնյան։ «Բնությունը հրաշալի էր, ընտանիքս՝ բնության պես ներդաշնակ ու խաղաղ»,- մանկության վերհուշը արցունքի մի քանի կաթիլ է բերում տիկնոջ աչքերից։
Պատմում է, թե ինչպես էր մայրը երեկոները աշակերտների տետրերը ստուգում, ոմանց կապույտով գրածը կարմիր դարձնում, որոշ դեպքերում էլ դեմքի գոհունակ արտահայտությամբ կարմիրը միայն գերազանց նշանակելու համար օգտագործում։ «Նստում ու հետեւում էի՝ երազելով, որ մի օր էլ ես կդառնամ ուսուցչուհի, բայց որ Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում, երբեք մտքովս չէր անցնի»։
Գյուղը փոքր էր, դպրոցն՝ ութամյա։ Ավարտելուց հետո՝ 1971 թվականին, Տոնյային ուղարկում են Բիլինա՝ մանկավարժական ուսումնարանում սովորելու, ինչն էլ ուղիղ ճանապարհ է հարթում մանկության երազանքն իրականացնելու համար․ Տոնյան արդեն Անտոնինա Նիկոլաեւնան էր, գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին։
Դպրոցը, որտեղ աշխատում էր, հին էր, բակում նորն էին կառուցելու։ Շինարարներ էին եկել. արագ տեմպերով կառույցը վեր խոյացավ, ասում էին՝ օտարազգի տղաներ են շինարարները՝ եղբայրներ։
Ուսուցիչներին հրավիրեցին ծանոթանալու նոր շինությանը, երիտասարդ աղջկա աչքից չվրիպեց նոր դպրոցի տանիքին նստած ամրակազմ ու գեղեցիկ հայ երիտասարդի՝ Ֆաիկի հետաքրքրված հայացքը, որ ուսուցչուհու ուշադրությունը գրավելու համար արեց առաջին կատակն ու պարտվեց ծանոթության առաջին փուլում․ «Խոսակցություն բացեց, ես էլ հարցրի՝ Դուք ո՞վ եք, պատասխանեց՝ դպրոցի տնօրենն եմ։ Ասացի՝ ի՞նչ է, տնօրենը դուռա՞կ [հիմար] է, որ տանիքին նստի․․․»։
Երկար փորձություններ հաղթահարելուց հետո հանկարծ հայտնված սերը հաղթում է ապագայի անորոշությանն ու հարազատներից հեռու ապրելու վախին։ 1975-ին Անտոնինան եւ Ֆաիկն ամուսնանում են, նոյեմբերի 28-ին գալիս Հայաստան։
«Գյուղն իմ պատկերացրածը չէր, անվերջ քարեր ու բարձր լեռներ էի տեսնում ամեն օր, առաջին տպավորությունիցս սարսափեցի, բայց նախքան գալս խոստացել էի, որ որտեղ՝ Ֆաիկը, այնտեղ՝ ես»,- հիշում է տիկին Տոնյան։
Ուղիղ մեկ շաբաթից ռուս նորահարսը աշխատանքի է ընդունվում Մուսայելյանի դպրոցում։ «Դա դարձավ իմ փրկօղակը. երեխաներն ու դպրոցն ինձ օգնեցին, որ ապրեմ, աշխատեմ սիրած մասնագիտությամբ։ Հուսահատության ու կարոտի պահերին երբեմն մտածում էի, որ մեր գյուղն այս սարերի հետեւում է, ոտքով գնամ՝ կհասնեմ, բայց ծնվեց անդրանիկ զավակս՝ Անդրանիկս։ Նա ինձ անմնացորդ ու հավերժ կապեց այս հողին ու ջրին, այս տանն ու աշխատասեր մարդկանց»։
Դպրոցում Անտոնինա Նիկոլաեւնան, տանը Տոնյան սովորեց նաեւ նոր կենցաղին, օգնեց սկեսրոջը. կովերն ու ոչխարներն էին կթում, համերաշխ ապրում։ Սկեսրոջից գոհ է եղել միշտ. տան շերեփի փոխանցումը երբեք կռվի թեմա չդարձավ։ Երեք զավակներն ու սիրելի ամուսինը օգնեցին, որ Տոնյան հայանա ու գյուղի մյուս հարսների պես սպասի, թե երբ է խոպանից վերադառնալու ամուսինը։
Գյուղն ու դպրոցը լքելու առաջարկները միշտ մերժել է, առավել եւս հիմա, երբ ամուսնու նախնիների ու ծնողների կողքին հանգչում են իր ամենաթանկ մասնիկները՝ ողբերգության զոհ դարձած երկու տղաները։
«Չլիներ դպրոցը, իմ աշակերտները, ես այս անտանելի վիշտը չէի կարող տանել, փաստորեն մանկավարժությունը ճակատագրով էր ինձ տրված, որ կարողանամ ապրել․․․»։
Արդեն երկու տարի է, ինչ Անտոնինա Նիկոլաեւնան առավոտ կանուխ չի բռնում դպրոց տանող ճանապարհը. տարիքը թույլ չի տալիս շարունակել սիրած գործը։ Թոռները մեծացել են, այս տարի ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ, հիմա թոռներով է զբաղվում ու նրանց հաջողություններով հպարտանում։
Հարցին, թե ընտրության հնարավորության դեպքում նորից կապրե՞ր նույն կյանքով, ուսուցչուհին նախ մտածում է, արտասվում ու ասում․ «ԱՅՈ՛»։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։