Ըստ թուրքական զանգվածային լրատվամիջոցների` ԱՄՆ-ը շարունակում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին»:
Թուրքիան պնդել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերը Հասեկեի Աբդուլազիզ լեռան վրա շուրջ 90 օր զինավարժանքներ են անցկացրել 400 քուրդ զինյալների հետ:
Իսկ ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» նույնացնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության հետ:
Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Սիրիայի իրենց աղբյուրները, հայտնել են, որ զինավարժանքներին մասնակցել են ամերիկացի հրամանատարներ, ինչպես նաեւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Ֆերհադ Աբդի Քոբանի):
Ի դեպ, Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է նրա արտահանձնումը, քանի որ վերջինս ներառված է Թուրքիայում առավել վտանգավոր «ահաբեկիչների» ցուցակում:
Զինավարժանքներին մասնակցած քուրդ գրոհայինները, ըստ թուրքական մամուլի, Հասեկեում համալրելու են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» շարքերը: