«Հայաստան» դաշինքի՝ խորհրդարանական խմբակցության նիստում, որը վարել է դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, խմբակցության ղեկավար է ընտրվել պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ութերորդ գումարման խորհրդարանի փոխնախագահի թեկնածուի շուրջ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներում անցկացվել են քննարկումներ, եւ որոշում է ընդունվել, որը կհայտարարեն մանդատները ստանալուց հետո՝ հուլիսի 23-ի առավոտյան։
Սաղաթելյանը միաժամանակ չի հերքել մամուլում տարածված լուրերը, որ ԱԺ փոխնախագահի`ընդդիմության աթոռը հենց իրեն է բաժին հասնելու։
Նա ընդգծել է, որ «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ»-ը վճռել են ակտիվ օրենսդրական գործունեություն ծավալել։ Ընդդիմության առաջին օրենսդրական նախաձեռնություններից են լինելու պատգամավորական գործունեության համար ավելացրած գումարները դարձյալ նվազեցնելը եւ կառավարական առանձնատների համակարգը վերացնելը։
«Հայաստան» դաշինքը նորընտիր խորհրդարանում կունենա 29 մանդատ, որից մեկը` ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ասորական համայնքի անդամ Զեմֆիրա Միրզոեւայի համար։ «Պատիվ ունեմ»-ը կստանա 7 մանդատ։