Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 6 տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ զինծառայողի՝ ահաբեկչության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։
Ըստ «Սպուտիկ Ադրբեջանի»՝ «խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն»:
Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լեւան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գեւորգյանին եւ Մարտին Աղրամանյանին։
Պահեստազորայինները գերեվարվել էին անցած տարվա դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից շաբաթներ անց, երբ վերադասի հրամանը կատարելիս փորձել էին նահանջել Հադրութի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերից։
Սա հայ զինվորականների՝ Ադրբեջանում ազատազրկման դատապարտված երրորդ խումբն է: Վերոնշյալ տեղամասից գերեվարվել էր ավելի քան 60 զինվորական, 30-ին Բաքուն վերադարձրել է ականապատման քարտեզների դիմաց։