Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Ֆամագուստա քաղաքի Վարոշա հատվածի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ: Էրդողանն ու Թաթարը հայտարարել էին Կիպրոսի այդ հատվածի աստիճանական բացման ու բնակեցման մասին:
Կիպրոսը ՄԱԿ-ի ԱԽ-ին ներկայացված դիմումը հիմնավորել է Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարության կողմից Վարոշայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձեւի խախտմամբ:
Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Կատարվող քայլերը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի բացահայտ խախտումներ են: Դրանք բացասաբար են անդրադառնալու բանակցությունները վերսկսելու նպատակով գործադրվող ջանքերի վրա»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձեւով Վարոշան, որը չեզոք գոտի է համարվում, պետք է անձեռնմխելի մնա մինչեւ 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը: Վարոշան 1974-ի թուրքական ներխուժումից հետո ցանկապատներով փակվել է ու առ այսօր անբնակ է։