-Պա՛պ, էս ի՞նչ ա։
-Բժիշկները վիրահատում են զինվորի ձեռքը։
-Ինչի՞։
-Որ բուժվի։
Սա հատված է լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի եւ նրա փոքրիկ դստեր զրույցից՝ «Հոդված 3» ակումբում բացված «Մարդը բարձրագույն արժեք է» խորագրով ցուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսը 44-օրյա պատերազմի վավերագրումն է։
Ներկայացված են Վաղինակ Ղազարյանի, Արեգ Բալայանի, Նազիկ Արմենակյանի, Նարեկ Ալեքսանյանի, Նելլի Շիշմանյանի եւ Փիրուզա Խալափյանի լուսանկարները։ Լուսանկարներում պատերազմն է տարբեր դեմքերով՝ հաղթական տրամադրվածությամբ ժպտացող զինվորներ, վիրավորներ, տարհանվող մարդիկ։
«Երկար ժամանակ մտածում էի, թե մշակութային ինչ տարբերակ կարելի է գտնել պատերազմի այս արհավիրքը եւս մեկ անգամ ներկայացնելու ու մարդու իրավունքների մասին բարձրաձայնելու համար։ Ինչո՞ւ «Մարդը բարձրագույն արժեք է»։ Քանի որ այս եւ աշխարհի ցանկացած պատերազմի դեպքում ամենամեծը մարդկային կորուստն է։ Ցանկացած որոշման դեպքում մեր ելակետը պիտի լինի «Մարդը բարձրագույն արժեք է» սահմանումը, որը մեր Սահմանադրության 3-րդ հոդվածն է։ Պատերազմի ընթացքում բոլոր հռչակագրերը, մարդու բոլոր իրավունքները խախտվեցին, ու հիմա ունենք այն, ինչ այս պատկերներում դուք տեսնում եք»,-ասում է «Հոդված 3» ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը։
Ցուցահանդեսում ներկայացված նկարները պատմության վկաներն են ու տարբեր՝ թե՛ մշակութային, թե՛ իրավական միջոցառումների ժամանակ կարող են օգտագործվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության նպատակով։
«Սեփական ձեռքերով այրում էին իրենց տները, որ քարը քարին դնելով կառուցել էին։ Շատ ցավալի էր այդ ամենը տեսնելն ու զգալը, այդ կատարյալ մթության մեջ գտնվելը մինչեւ շատ ուշ ժամեր, երբ տեսնում ես, թե կամաց-կամաց այրվելով ինչպես է շուրջդ ամեն ինչ մահանում։ Այս տանը շատ մեծ ընտանիք էր ապրում, շուն էլ ունեին, տարբերակ չկար շանը տանելու, մինչեւ վերջին վայրկյանը հույս ունեի, որ շանն էլ կփրկեն։ Շունն էլ անընդհատ այս ու այն կողմ էր վազում։ Ինքս էլ շուն ունեմ, ու դա ինձ համար շատ ցավալի էր, բայց ֆիզիկապես հնարավորություն չունեի նրան ինձ մոտ պահելու»,- քարվաճառցի ընտանիքի մասին պատմում է Նելլի Շիշմանյանը։ Ըստ նրա՝ այսպիսի վիճակներից խուսափելու համար կարեւոր է, որ յուրաքանչյուրս մեր տեղում մարդ լինենք։ Նաեւ միմյանց հանդեպ մեր վերաբերմունքն է, որ հանգեցնում է պատերազմի, ներքին հարաբերությունների տկարության ու խժդժությունների։
«Այս ցուցահանդեսը պատերազմի ու դրա հետեւանքների մասին է։ Մենք էլ մասնակցում ենք, որովհետեւ կարեւորում ենք պատերազմի վավերագրումը։ Իմ լուսանկարներում վիրավոր, այրված զինվորներն են։ Բոլոր այս նկարները մի խորագրով են ներկայացված, որպեսզի շեշտը մարդու վրա դրվի․ պատերազմները սկսվում, վերջանում են, տուժում են միայն մարդիկ»,- ասում է Նազիկ Արմենակյանը։
Արեգ Բալայանի լուսանկարներում ժպտացող զինվորներ են։ Լուսանկարներն արել է, երբ գնացել է եղբորը փնտրելու։ «Պատերազմի 27-րդ օրը գնացի Եղնիկներ։ Այդ ժամանակ երեք եղբայրներս առաջնագծում էին։ Այս նկարում Լեւոնն է՝ մեր եղբայրներից երրորդը։ Կապ չունեի հետը, գտնվելու վայրը միայն մոտավորապես գիտեի։ Երկու օր եմ մնացել այնտեղ, այլ զինվորների հետ էլ եմ շփվել։ Դեմքերից կարող եք տեսնել, թե ինչպիսի տրամադրվածություն ունեին»,- ասում է Արեգ Բալայանը։
Ցուցահանդեսի այցելուների մեջ էր նաեւ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։ Նա ծնունդով Արցախից է, ու լուսանկարները նրա համար առավել ազդեցիկ ու խոսուն էին։ «Այն, ինչ տեսնում եմ այստեղ, իմն է, ինձ հարազատ է՝ թե՛ մարդկանց դեմքերը, որոնց ճանաչում եմ, թե՛ իրերը, թե՛ տները, թե՛ վանքը»,- ասում է Ջիվան Ավետիսյանը։ Նրա պապական տունը Խաչմաչում է, Խաչմաչն էլ սահմանային գյուղ է դարձել։ «Ամեն ինչ ինձ ճանաչելի է, սպասքը մեր տան սպասքին է նման, կրակի մեջ լքված այդ տունը կարող էր իմ պապական տունը լինել»,- ասում է Ջիվան Ավետիսյանն ու չի կարողանում զսպել հուզմունքը։
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով լուսանկարիչները պատմության համար մեծ գործ են կատարել․ լուսանկարները որակյալ են ու բովանդակալից։ Ինչ վերաբերում է մարդու՝ բարձրագույն արժեք լինելուն, ապա դա, ըստ նրա, իղձ է, նպատակ, որին պետք է ձգտել ու որով պետք է ապրել ու պայքարել։
«Պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում մարդ, մարդկայնություն, ինչ տեղ ունի «Մարդը բարձրագույն արժեք է» արտահայտությունը մարդկության մեջ։ Պետք է հասկանալ, որ չկա ուրիշի իրավունք, կա իրավունք, որի մի մասի կրողը դու ես, մյուս մասինը՝ մյուս մարդիկ։ Եթե ինչ-որ մեկի իրավունքը խախտվել է, ապա խախտվել է նաեւ քո իրավունքը, քանի որ նա էլ քեզ պատկանող իրավունքի կրողն է։ Այ սա է պետք հասկանալ ու գիտակցել»,- ասում է պարոն Զեյնալյանը։
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նրան տպավորել էր լուսանկարների հզորությունը, դրանցում բազում զգացողությունների, օրինակ՝ պատերազմում ուրախության առկայությունը։ «Տեսնում ես պատերազմում ժպտացող զինվորների, այլ նկարներում տեսնում ես այն իրավիճակը, որում նրանք եղել են, տեսնում ես մարդկանց, որ ստիպված այրում են իրենց տները, լքում իրենց իսկ կյանքերը։ Այստեղ երեւում է մարդկանց վրա պատերազմի ազդեցությունը։ Սա մեզ մտածել է տալիս, թե ինչպես ապագայում խուսափենք պատերազմից։ Մարդիկ հաճախ պատերազմի մասին շատ վերացական են խոսում, այստեղ ամեն ինչ իրական է։ Այս նկարները հիշեցում են, որ մարդն առաջնային արժեք է»։
Տիկին Թրեյսիի կարծիքով պատերազմներից խուսափելու տարբերակներից մեկն էլ այսպիսի ցուցադրությունների միջոցով մարդու կարեւորագույն արժեքը լինելու գաղափարը ավելի լայն լսարաններին հասանելի դարձնելն է։
«Մարդը բարձրագույն արժեք է» խորագրով ցուցահանդեսը «Հոդված 3» ակումբում բաց կլինի մինչեւ հուլիսի 28-ը։