Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր` Երեւանի ժամանակով 15.00-ին, կմեկնարկի վերջին տարիներին ամենակարեւոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Մեկնարկը պաշտոնապես կհայտարարի Ճապոնիայի 126-րդ կայսր Նարուհիտոն։
206 երկիր, 12500 մարզիկ, 33 մարզաձեւ
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձեւում՝ պայքարելով 339 մեդալի համար։ Հայաստանն այս սպորտային տոնին կներկայացնեն 8 մարզաձեւերի 17 մարզիկներ:
2020-ի Օլիմպիական խաղերում առաջին անգամ կլինեն կարատեի, ժայռամագլցման, սերֆինգի, սքեյթբորդի, 3×3 բասկետբոլի, ֆրիսթայլ-BMX-ի մրցումներ, ինչպես նաեւ լողի եւ ատլետիկայի խառը փոխանցումավազքեր, ձյուդոյի, տրիատլոնի եւ նետաձգության խառը թիմային մրցումներ: Օլիմպիական ծրագիր են վերադարձել նաեւ բեյսբոլն ու սոֆթբոլը։
Աջակցելով առավել խոցելիներին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ իր տեսաուղերձում ընդգծել է, թե բոլոր համաշխարհային խնդիրները կարող են լուծվել, եթե հասարակությունը դրանց ձեռնամուխ լինի Տոկիոյում հանդես եկող ատլետների համառությամբ: «Տոկիոյի խաղերին մասնակից յուրաքանչյուր ատլետ հաղթահարել է վիթխարի արգելքներ եւ դրսեւորել մեծ նպատակասլացություն»,- նշել է նա:
«Եթե մենք այդ նույն եռանդով ձեռնամուխ լինենք համաշխարհային խնդիրներին, կկարողանանք հասնել՝ ինչի կամենանք. խաղաղության, մաքուր եւ կանաչ մոլորակի, լավագույն ավելի արդարացի աշխարհակարգի՝ հիմնված առավել խոցելիների աջակցության վրա»,- շեշտել է ՄԱԿ-ի ղեկավարը: «Եկեք միասին հետամուտ լինենք նման ապագայի: ՄԱԿ-ի համար պատիվ կլինի լինել ձեր զինակիցն այդ ճանապարհին»,- եզրափակել է Գուտերեշը:
Վերադարձած խոսքի անդառնալիությունը
Տոկիոյում Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ օր առաջ բացման արարողության ռեժիսոր Կենտարո Կոբայաշին ազատվել է պաշտոնից՝ դեռեւս 1998-ին արված տեսանյութի պատճառով, որում նա կատակել էր` ասելով. «Եկեք հրեաների կոտորած խաղանք»։ Նրա ելույթի հին ձայնագրությունը շատ արագ տարածվել էր ճապոնական մամուլում։
Օլիմպիական խաղերի նախապատրաստման եւ անցկացման կազմկոմիտեի նախագահ Սեյկո Խասիմոտոն հայտնել է, որ ստիպված վերանայել են խաղերի բացման ամբողջ արարողությունը։
Մանկական եւ պատանեկան տարիքում արած տարբեր արտահայտությունների եւ անկեղծ խոստովանությունների համար ավելի վաղ հեռացվել էին նաեւ Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Յոսիրո Մորին, ստեղծագործական տնօրեն Խիրոսի Սասակին եւ կոմպոզիտոր Կեյգո Օյամադան (բացման արարողությունից հանվել էր նրա երաժշտությունը)։
Խաղեր առանց հանդիսատեսի
Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում սա առաջին բացման արարողությունը կլինի առանց հանդիսատեսի։ Կորոնավիրուսի հետ կապված խիստ կանոններով՝ 68 հազար տեղ ունեցող Օլիմպիական մարզադաշտում կլինի միայն 950 մարդ՝ պաշտոնյաներ եւ հովանավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնցից՝ միայն 15 երկրների առաջնորդներ:
Ճապոնիայի մայրաքաղաքում երեկ գրանցվել է կորոնավիրուսի 1797 նոր դեպք՝ ամենաշատը հունվարի 15-ից ի վեր: Օլիմպիական խաղերում հավատարմագրված շուրջ 90 մարդու, այդ թվում` որոշ մարզիկների թեստի արդյունքները դրական են: