Լոռու մարզի ամենաակտիվ զբոսաշրջային վայրերից մեկում՝ Հաղպատում է Հայաստանի հեղափոխության թանգարանի մասնաճյուղը, որտեղ նախկինում ներկայացված է եղել Հաղպատի բոլշեւիկյան կազմակերպության ու կոմբջիջի ձեւավորման պատմությունը։ Գյուղի հեղափոխական կենտրոն համարվող այս կառույցի մասին հետաքրքիր տեղեկություններ միայն տարեցներից կարելի է լսել։ Իսկ թանգարանի շենքը թեեւ կանգուն, բայց անմխիթար վիճակում է՝ խարխլված տանիք, մուտքի կողպված դռան կողքին՝ ջարդված ապակիներով պատուհաններ։
Թանգարան դարձած երկհարկանի տանը Մարտիրոս Թանդիլյանն է ապրել, որտեղ ընտանեկան միջոցառումների եւ հացկերույթների քողի տակ հեղափոխականների հավաքներ են կազմակերպվել։ Այստեղ է 1903 թվականին հիմնադրվել Հայաստանում առաջին կուսակցական բջիջը։ Այդ պատճառով գյուղը Կարմիր Հաղպատ է կոչվել եւ առանձին դրոշ ունեցել։ Ասում են՝ հեղափոխական գաղտնի հավաքներին նաեւ Ստեփան Շահումյանն է մասնակցել։
«Երբ մենշեւիկներն իմացել են, որ Թանդիլյանի տանը նիստեր ու ժողովներ են գումարվում, էկել են հետախուզման՝ Ստեփան Շահումյանին բռնելու նպատակով։ Համագյուղացիներն ու Մարտիրոս Թանդիլյանը կազմակերպել են Շահումյանի փախուստը գյուղից։ Էս դիմացում կա Հոտած աղբյուր կոչվող տեղ, էդ աղբյուրի մոտով Շահումյանին դուրս են բերել Սուրբ լույս (Սբլիս) լեռան գագաթը։ Էդտեղից Ծաղկաշատի գլխով, Արջագլխով (լեռնագագաթ Լոռու մարզում) տարել են, ուղարկել Թիֆլիս»,- հեղափոխականների մասին իր լսած դրվագներից է պատմում Հաղպատի տարեցներից Լուսիկ Աբելյանը։
Թանգարանը բացվել է Հաղպատում կոմբջիջի ձեւավորման 75-ամյակի կապակցությամբ։ Իսկ փակման մանրամասներից լավատեղյակ է Հրաչյա Պապինյանը, որ Թումանյանի նախկին շրջանային խորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչն է եղել։
«Հայաստանի անկախացումից հետո հեղափոխությունը խորհրդանշող հուշարձանները, թանգարաններն ու այլ հաստատություններ, արդեն ակտուալ չլինելով, հետզհետե փակվեցին։ Կարծեմ 1993-ին էր, երբ որոշվեց, որ Հաղպատի թանգարանը նույնպես պետք է փակվի։ Պատմության պետական թանգարանի մասնագետները եկան, պատմական արժեք ներկայացնող բոլոր ցուցանմուշները տարան՝ տեղում թողնելով որոշ իրեր միայն։ Այն ժամանակ կոմունիստական կուսակցության Թումանյանի շրջկոմը մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն որեւէ արդյունքի չհասավ․ պետության քաղաքականությունն էր այդպիսին։ Դրանից հետո մի քանի ամիս կամ գուցե մեկ տարի Թումանյանի շրջկոմը շարունակում էր աշխատավարձ վճարել թանգարանի աշխատողին, որպեսզի այն վերջնականապես չփակվեր, թեպետ հիմնական ցուցանմուշներն արդեն վերադարձվել էին Երեւան։ Հետագայում դա էլ անհնար դարձավ, եւ շենքը կառավարության որոշմամբ հանձնվեց գյուղապետարանին։ Թանգարանը լուծարվեց»,- պատմում է Հրաչյա Պապինյանը։
1997 թվականին Հաղպատի ավագանու որոշմամբ Հայաստանի հեղափոխության թանգարանի Հաղպատի մասնաճյուղի շենքը հանձնվել է ՀԿԿ Թումանյանի շրջկոմին, ինչից հետո մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Իսկ 2003 թվականին թանգարանում է նշվել Հաղպատում կոմբջիջի ձեւավորման 100-ամյակը։
Թանգարանի կիսադատարկ ու փլուզվող շենքը մինչ օրս կոմկուսին է պատկանում։ ՀԿԿ Թումանյանի շրջկոմի նախկին քարտուղար Անուշ Էվոյանը նշեց, որ տարիներ շարունակ թանգարանի վերաբացման հարցն է օրակարգում եղել, իսկ այսօր արդեն շենքի պահպանությունն է կուսակցության համար խնդիր դարձել։
Հրաչյա Պապինյանը պատմում է, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը մտադիր է եղել այս շենքում Սայաթ-Նովայի թանգարան ստեղծել։
«Սայաթ-Նովան, ըստ պատմագիտական տվյալների, ամենաքիչը 7 տարի ապրել է Հաղպատում։ Մեր տարածաշրջանում նրա անվան դպրոցներ, այլ հաստատություններ, փողոցներ կան, սակայն չկա որեւէ վայր, թանգարան, որտեղ ցուցադրության միջոցով նա ներկայացված կլիներ որպես բանաստեղծ-աշուղ։ Այդ պատճառով Ամիրյանը որոշել էր թանգարան բացել հենց այս շենքում։ Նախատեսվում էր, որ շենքը կվերանորոգվի, որոշակի ուղղվածություն կհաղորդվի դրան, ցուցանմուշներ կբերվեն կամ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով այցելուներին կպատմեն Սայաթ-Նովայի մասին։ Սակայն 2018-ին նա հրաժարական տվեց, այս ծրագիրն էլ մնաց անկատար»,- նշում է Պապինյանը։
Թանգարանի շենքում, ըստ հաղպատցի Լուսիկ Աբելյանի, տարբեր իրեր ու պարագաներ են եղել՝ հագուստ, կտորեղեն, գորգեր, խուրջիններ, պղնձե թասեր, գյուղական կահ-կարասի։ Դրանք ժամանակի ընթացքում գյուղի տներից են հավաքվել։ Ու երբ ամեն բան քանդվել է, այդ իրերի մի մասը թալանվել է։
Հեղափոխական կենտրոն-թանգարանը հատկապես տարեց հաղպատցիներն ափսոսանքով են հիշում․ այն գյուղի պատմության կարեւոր էջերից է, որի մասին ներկա սերունդը գրեթե ոչինչ չգիտի։ Իսկ հովեկների ու զբոսաշրջիկների համար թանգարանի շենքը սոսկ տարբերվող մի կառույց է, որից, որպես հուշ, միայն լուսանկար են տանում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։