Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Տոկիոյի ամառային օլիմպիադային մասնակցող հայ մարզիկներին՝ նրանց հաջողություններ ու հաղթանակ մաղթելով։
Ծառուկյանը նշել է, թե համոզված է, որ հայ մարզիկները պատվով կկատարեն «հաջող մասնակցություն ունենալու առաջադրանքը»: Նա հավելել է, որ այդպես մտածելու հիմք են տալիս նրանց անցած մարզական դժվարին ճանապարհը եւ Հայաստանին բաժին հասած ծանրագույն մարտահրավերները՝ նախորդ տարի մոլեգնած համավարակն ու պատերազմը: Նա հայ մարզիկներին պատվիրել է հաղթանակով վերադառնալ։
«Դժվարություններն անցյալում են, հիմա հերթն արդեն հաղթանակներինն է»,- ընդգծել է ՀԱՕԿ նախագահը։
Հայաստանը Տոկիոյում
Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում այսօր մեկնարկել է 32-րդ օլիմպիական խաղերի բացումը։ ՄՕԿ-ի եւ կազմկոմիտեի համատեղ որոշմամբ պատվիրակություններն ունեն մեկական մարզիկ եւ մարզուհի դրոշակակիր:
Հայաստանի դրոշակակիրներն են մեր օլիմպիական թիմի ամենաերիտասարդ մարզիկը՝ հանրապետության բազմակի չեմպիոն եւ ռեկորդակիր, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը եւ անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։
Հայաստանն այս մարզական տոնին կներկայացնի 8 մարզաձեւերի 17 մարզիկ-մարզուհի: Առաջինը հուլիսի 24-ին պայքարի մեջ կմտնի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Պայքարը կսկսվի լուսաբացին՝ Երեւանի ժամանակով 05:00-ին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում, 1/8 եզրափակիչից սկսած, մեդալների համար կպայքարի Վազգեն Թեւանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:
Մեր օլիմպիական թիմի խաղերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀԱՕԿ-ի կայքում։
Հայաստանը ներկայացնող մարզիկների ելույթները կցուցադրի Հանրային հեռուստաընկերությունը:
204 ազգային հավաքականներն ու փախստականներից կազմված թիմը
Ընթացիկ խաղերին կմասնակցեն 204 ազգային օլիմպիական կոմիտեների հավաքականները, ինչպես նաեւ փախստականներից կազմված թիմը: Խաղերին մասնակցելուց հրաժարվել են երկու երկիր` Հյուսիսային Կորեան ու Գվինեան:
Տոկիո 2020-ում ամենաշատ մասնակիցներն ունի ԱՄՆ հավաքականը` 613 մարզիկ-մարզուհի: Անդորրան, Բրունեյը, Բերմուդյան Կղզիները, Նաուրուն, Սոմալին, Տուվալուն, Աֆրիկայի Կենտրոնական Հանրապետությունը եւ Հարավային Սուդանը ներկայանում են 2-ական մարզիկով:
Ամենակրտսեր մասնակիցը՝ 12, ամենատարեցը՝ 66 տարեկան
Խաղերի ամենակրտսեր մասնակիցը 12-ամյա սիրիացի Հենդ Զազան է, որը հանդես կգա սեղանի թենիսի մրցումներում: Ընտրական մրցաշարում նա հաղթել է Լիբանանը ներկայացնող մեր հայրենակից 42-ամյա Մարիանա Սահակյանին:
Տոկիո-2020-ի ամենատարեց մասնակիցը ավստրալուհի Մերի Հաննան է, որն այս տարի նշում է իր 66-ամյակը: Նա ուժերը կչափի ձիասպորտում:
Խաղերին ներգրավված 190000 մարդ
Տոկիոյի օլիմպիական խաղերում ընդգրկված է 33 մարզաձեւ: Առաջին անգամ կանցկացվեն կարատեի, սյորֆինգի (ջրասահք), ժայռամագլցման եւ սքեյթբորդի մրցումներ: Կխաղարկվի մեդալների 339 հավաքածու` 33-ով ավելի, քան 2016 թվականին Ռիոյի օլիմպիական խաղերում:
Մրցումները կանցկացվեն 43 մարզակառույցներում, որոնցից 10 ժամանակավոր են, 8-ը՝ նորակառույց:
Խաղերին ընդհանուր առմամբ ներգրավված է 190 000 մարդ, որոնց թվում՝ կամավորականներ: Նրանցից միայն 18 000-ը կբնակվի օլիմպիական ավանում:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 15,4 միլիարդ դոլար: Նախնական տվյալներով Ճապոնիայի կառավարությունը 22 միլիարդ դոլարի վնաս է կրել, քանի որ մրցումները կորոնավիրուսի պատճառով կանցկացվեն առանց հանդիսատեսի:
Ավելի վաղ հաշվարկվել էր, որ Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելը Ճապոնիային 820 միլիոն դոլարի վնաս կհասցնի: