ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի անվտանգության ուժերի ղեկավարի եւ ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի նկատմամբ՝ անցած շաբաթ երկրում սկսված բողոքի գործողությունների մասնակիցների դեմ կիրառված բռնությունների համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների թիրախում են հայտնվել Կուբայի Հեղափոխական զինված ուժերի նախարար գեներալ Ալվարո Լոպես Միերան եւ ՆԳՆ անվտանգության ծառայությունը։
Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ այդ կառույցը եւ գեներալ Միերայի ղեկավարած ստորաբաժանումները առնչություն ունեն մարդու իրավունքների լրջագույն խախտումների հետ։
Հավանայում եւ Կուբայի մի շարք այլ խոշոր բնակավայրերում բողոքի ցույցերը սկսվել են նախորդ շաբաթ։ Դրանց մասնակիցներն իրենց դժգոհությունն էին արտահայտում երկրում տիրող տնտեսական ճգնաժամի եւ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, ինչպես նաեւ կորոնավիրուսի համաճարակի դեմ կառավարության վարած պայքարի անարդյունավետության վերաբերյալ։