ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունները պատասխանատվության պետք է ենթարկվեն ու հատուցեն գյուղացիներին պատճառած վնասները։
ՄԻՊ-ը ներկայացրել է Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն ու Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիրը, որի հնարավորությունից բնակիչը զրկված է։
Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանը պետք է հատուցի նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի՝ խաթարել է մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից։
Արման Թաթոյանը շեշտել է, որ այս փաստերը եւս մեկ անգամ ապացուցում են՝ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված:
«Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետեւողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման»,- հայտարարել է ՄԻՊ-ը՝ ընդգծելով, որ անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական: