«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը, TRT Arabi-ին տված հարցազրույցում պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ աֆղանական խնդրին վերաբերող հայտարարությանը, ասել է, թե իրենք ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:
«Թուրքիան մեր եղբայրն է: Մենք հավատքի վրա հիմնված բավականին շատ ընդհանրություններ ունենք: Ցանկանում ենք, որ Թուրքիան թողնի անցյալն ու վերադառնա ներկա եւ ապագա: Իսկ դրանից հետո արդեն կարող ենք երկխոսություն սկսելու ցանկություն ունենալ»,- նշել է «Թալիբան»-ի խոսնակը:
Էրդողանն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահպանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս շեշտել էր, թե Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: «Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»,- ընդգծել էր Էրդողանը:
Խոսնակ Մյուջահիդը նաեւ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ աֆղանները պատասխանատու են ինչպես Քաբուլի օդանավակայանի, այնպես էլ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ դեսպանատների անվտանգության համար, եւ որ ցանկացած այլ վերաբերմունք իրենք գնահատում են որպես միջամտություն իրենց երկրի ներքին գործերին: