Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը քննարկել է երկու երկրների ռազմավարական, առեւտրային եւ ներդրումային համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր:
Փոխնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվելու ամենատարբեր ոլորտներում իր պրակտիկայով եւ առաջադեմ լուծումներով։
Ըստ Վոլվաչի՝ Ռուսաստանը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանում եւ Անդրկովկասում հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացման ուղղությամբ։
ՌԴ փոխնախարարը նշել է, որ ՌԴ-ն 2022-2025 թվականներին տնտեսական համագործակցության նոր ծրագիր է մշակում: Նա կարեւորել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը։
«Հնարավոր ենք համարում գործընկերներին առաջարկել հանձնաժողովի նիստն անցկացնել այս տարվա աշնանը, եթե համաճարակաբանական իրավիճակը թույլ տա։ Այս շրջանակում կարելի է ստորագրել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ տնտեսական համագործակցության ծրագիրը մինչեւ 2025 թվականի համար»,- ընդգծել է փոխնախարարը։
Վոլվաչը շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն է, որն ապահովում է հանրապետության արտաքին առեւտրի ծավալի գրեթե մեկ երրորդը (30,3%)։