ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերեւույթ ընտրական հանցագործությունների առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 22-ի դրությամբ հարուցել է 78 քրեական գործ:
Առերեւույթ ու այլ հատկանիշներով հարուցված գործեր
Գործերը հարուցվել են առերեւույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաեւ ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ծեծի, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ այն խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի ու այլ հատկանիշներով։
Մեղադրանք թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձի նկատմամբ
Ըստ դատախազության լրատվական ծառայության՝ նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել 83 անձի նկատմամբ։
Ընտրական հանցագործություններ կատարելու համար տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաեւ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշինքի եւ 2 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 8 անձի, մասնավորապես «Պատիվ ունեմ» դաշինք»՝ 4, «Հայաստան» դաշինք՝ 2, «ԲՀԿ» եւ «Վերելք»՝ 1-ական:
Ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ-ի տարածքը
Բոլոր 8 թեկնածուների, ինչպես նաեւ քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված եւս 16 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրանցից մեկի նկատմամբ դատախազի որոշմամբ հետագայում ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:
Թեկնածուներից մեկը, որի ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշմամբ, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ-ի տարածքը։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
14 անձի վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան։ Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, առանձին գործեր քննվում են մեկ վարույթում:
Հիշյալ պատգամավորները եւս մանդատ կստանան
Նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ կալանավորված պատգամավորները եւս կստանան իրենց մանդատները: Նա ընդգծել է, որ կալանավորումը խոչընդոտ չէ նրանց կողմից իրենց մանդատները ստանալու համար:
«Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, նաեւ նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները եւս ստանալու են իրենց մանդատները եւ իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը»,- շեշտել է Մուկուչյանը:
Կալանավորված պատգամավորներին մանդատների տրամադրման կարգի վերաբերյալ ԿԸՀ նախագահն ասել է, որ մանդատները հանձնվում են արձանագրություն կազմելով: Իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, եղանակի, ձեւի, միջոցի որեւէ պարտադիր կանոնակարգում չունի: Նա նշել է, որ քննարկումներից հետո հրապարակային իրազեկում կարվի մանդատների փոխանցման եղանակի մասին։