Իրանի մի շարք շրջաններում արդեն ութերորդ օրն է՝ շարունակվում են խմելու եւ ոռոգման ջրի բացակայության պատճառով ծագած բողոքի ակցիաները, որոնք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով։
Հիմնական բողոքի ակցիաները ծավալվել են երկրի հարավում՝ Խուզեստան նահանգում։ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է, որ իրավապահների եւ ցուցարարների միջեւ բախումների ընթացքում 5 մարդ է զոհվել, եւս 2-ը հրազենային վիրավորում է ստացել Լորեստան նահանգի Ալիգուդրազ քաղաքում։
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, բողոքի գործողությունները մեկնաբանելով, հայտարարել է, թե դժվար է մեղադրել մարդկանց, որոնք փողոց են դուրս գալիս՝ դժգոհելով ջրի բացակայությունից:
Խամենեին ընդգծել է, որ «իշխանությունները չեն կարող մեղադրել այդ մարդկանց, քանի որ ջրի խնդիրն աննշան հարց չէ, մասնավորապես Խուզեստան նահանգի շոգ կլիմայի պայմաններում»։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Իրանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ նշելով, որ իշխանությունները «ոչ համարժեք ուժ են կիրառում ցուցարարների դեմ»։