ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հուլիսի 23-ին ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Սոթք եւ Ազատ գյուղերի հարեւանությամբ. կրակոցները լսելի են նշված գյուղերում:
Տարբեր տրամաչափի զինատեսակներից դեպի հայկական զինված ուժերի դիրքերն ուղղված ինտենսիվ կրակոցները սկսվել են 17:00-ից եւ որոշակի ընդհատումներով շարունակվել մինչեւ ուշ գիշեր։
Ընդ որում՝ ադրբեջանական զինված ուժերի դիրքերը, օրինակ, Կութ գյուղի անմիջական հարեւանությամբ են տեղակայված՝ մոտ 3 կմ հեռավորության վրա, ու ՀՀ ինքնիշխան տարածքում են:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի եւ առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարեւանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին, եւ նաեւ ապացուցվում է այն փաստով, որ Կութի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից այսօր վիրավորվել է ՀՀ զինված ուժերի երեք զինծառայող»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
Անկանոն կրակահերթեր
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից ընդհատումներով շարունակվում են անկանոն կրակահերթերը: Ինտենսիվ փոխհրաձգություն չկա: Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե Հայաստանի եւ ադրբեջանական զինված ուժերի միջեւ ինտենսիվ փոխհրաձգություն է Քարվաճառի շրջանում։