Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գերազանց է մեկնարկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում իր ելույթը:
Հենացատկի որակավորման փուլում Դավթյանը ցույց է տվել 14.866 արդյունք, որն առայժմ լավագույնն է այդ մրցաձեւում: Երկրորդ տեղում ռուսաստանցի Նիկիտա Նագոռնին է, որն իր ցատկի համար ստացել է 14.783 միավոր:
Նրա ելույթին տրիբունայից հետեւել են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Արթուր Դավթյանը չհաղթահարեց նժույգթափերի մրցաշարի որակավորման փուլը: Նա այս մրցաձեւում ցույց տվեց 14.566 արդյունք, որը բավարար չէր մտնելու եզրափակիչ ությակ: Այստեղ լավագույն ճանաչվեցին իռլանդացի Ռիս Մաք-Կլինեգհեմը եւ ճապոնացի Կոհեի Կամեյաման, որոնք վաստակեցին 15.266-ական միավոր:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ 14.566 գնահատականը Դավթյանի կարիերայի լավագույն արդյունքն է նժույգթափերում: Այս տարվա ապրիլին նա շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։
Տոկիո-2020-ում, սակայն, Դավթյանն իր այս արդյունքով 9-րդ տեղում է, իսկ եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները:
Արթուր Դավթյանը հենացատկի որակավորման փուլում փայլուն հաղթանակ տոնելով՝ օգոստոսի 3-ին կմասնակցի հենացատկի եզրափակիչ փուլին:
Հայաստանը 32-րդ օլիմպիական խաղերում ներկայացնում են 8 մարզաձեւերի 17 մարզիկներ
Ազատ ոճի լողորդներ
Արթուր Բարսեղյան, 50 եւ 100 մետր տարածություն
Վարսենիկ Մանուչարյան, 100 մետր տարածություն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ
Արթուր Ալեքսանյան («Սպիտակ արջ»), մինչեւ 98 կգ քաշային կարգ
Կարապետ Չալյան, մինչեւ 77 կգ քաշային կարգ
Կարեն Ասլանյան, մինչեւ 67 կգ քաշային կարգ
Արմեն Մելիքյան, 60 կգ քաշային կարգ
Ազատ ոճի ըմբշամարտիկներ
Արսեն Հարությունյան, մինչեւ 57 կգ քաշային կարգ
Վազգեն Թեւանյան, մինչեւ 65 կգ քաշային կարգ
Բռնցքամարտիկներ
Կորյուն Սողոմոնյան, մինչեւ 52 կգ քաշային կարգ
Հովհաննես Բաչկով, միչեւ 63 կգ քաշային կարգ
Արման Դարչինյան, մինչեւ 75 կգ քաշային կարգ
Ծանրորդներ
Իզաբելա Յայլյան, մինչեւ 59 կգ քաշային կարգ
Սիմոն Մարտիրոսյան, մինչեւ 109 կգ քաշային կարգ
Ձյուդոիստ
Ֆերդինանդ Կարապետյան, մինչեւ 73 կգ քաշային կարգ
Ատլետ (եռացատկ)
Լեւոն Աղասյան
Մարմնամարզիկ
Արթուր Դավթյան
Մարզական հրաձիգ
Էլմիրա Կարապետյան