Ըստ France Press գործակալության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջել Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու առնչությամբ եւ Թուրքիային հորդորել մինչեւ 2022 թվականի փետրվարի 1-ը կառույցի վիճակի մասին թարմացված զեկույց տրամադրել:
Այս տարվա փետրվարի վերջին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել էր, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը:
Հույն դիվանագետն ընդգծել էր, որ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխությունը հակասում է մշակութային ժառանգության ցանկացած ընկալմանը:
1934-ին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքը շուրջ հազար տարի քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը համարվող Սուրբ Սոֆիայի տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ:
Տաճարը ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Սակայն նախորդ տարվա հուլիսին Թուրքիայի իշխանությունները չեղյալ էին համարել 1934 թվականի որոշումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020-ի հուլիսի 10-ին ստորագրել էր հրամանագիր տաճարը մզկիթի վերածելու մասին, ինչից հետո հուլիսի 24-ին Այա Սոֆիայում եղել էր առաջին նամազը: Դա հարուցել է քրիստոնեական շատ եկեղեցիների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դժգոհությունը: