Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոռետեսական գնահատականներ է տվել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, թե չի կարծում, որ այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ:
«Ես նախադրյալներ չեմ տեսնում Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Մերկելը:
Անգելա Մերկելը միաժամանակ չի անտեսել սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու հարցում Թուրքիայի դերակատարությունն ու վերջինիս հիշեցրել նաեւ Եվրոպայի աջակցության մասին:
Գերմանիայի առաջնորդը, կողմ արտահայտվելով Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած միգրացիոն համաձայնագրի գործողության շարունակականության վերաբերյալ, խոստացել է, որ այդ նպատակով եւս 3 միլիարդ եվրո կփոխանցի Անկարային:
Մերկելն անդրադարձել է նաեւ Կիպրոսի խնդրով թուրք-հունական հարաբերությունների վերջին լարվածությանը՝ նշելով, որ դեռ հույսը չի կորցրել կողմերի համաձայնության հասնելու հարցում: