Հուլիսի 23-ի երեկոյան Երեւանում մեկնարկած ստորագրահավաքին համընթաց Գյումրիում նույնպես նույն օրը, նույն ժամին մեկնարկեց ակցիա՝ հաջակցություն Սյունիքի կալանավորված համայնքապետների:
Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի երկրորդ քաղաքում ստորագրահավաքը նախաձեռնողների եւ մասնակիցների պահանջը նույնն է՝ անհապաղ ազատ արձակել կալանավորված համայնքապետներին՝ «Հայաստան» դաշինքի անդամներ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին եւ Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանին:
Գյումրիում ակցիայի նախաձեռնողները «Վերածնվող Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի պատասխանատուներն են։ Ամեն ինչ սկսվել է ուղիղ եթերում գրասենյակի համակարգող Կարապետ Պողոսյանի արած կոչով․ «Ուզում էինք եւս մեկ անգամ բարձրաձայնել, որ Հայաստանում ունենք քաղբանտարկյալներ»։
Պողոսյանը գոհ է մասնակիցների թվից, ասում է, անգամ սպասվածից շատ են եղել հետաքրքրված անձինք։
Ակցիան ի սկզբանե ավելի երկարաժամկետ պետք է լիներ, սակայն Երեւանում ոստիկանության կողմից ստորագրահավաքի դադարեցմանն ուղղված քայլերն առիթ դարձան, որ Գյումրիում եւս դադարեցվի նախաձեռնությունը։ Բայց այն ոչ թե դադարեց, այլ տեղափոխվեց օնլայն հարթակ։ Գյումրու նախաձեռնող խումբը փաստում է, որ դրանից ստորագրողների թիվը չի պակասել։
Հաշվեհարդար տեսնելու եւ քաղբանտարկյալներ ունենալու մասին ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Գյումրի կատարած այցի ընթացքում հայտարարել էր․ «Դա ընդդիմության գնահատականն է, ես միայն կարող եմ ասել, որ իրավապահ համակարգն իր գործն է անում, ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական միջամտության կարիք կա։ Եթե իրավապահներն ունեն փաստեր, որոնց արդյունքում որեւէ մեկը պիտի ձերբակալվի կամ կալանավորվի, ուրեմն պիտի կալանավորվի։ Հաշվեհարդար չի կարելի ասել, քանի որ հաշվեհարդար տեսնողը, որոշում ընդունողը ժողովուրդն է, իսկ ժողովուրդն իր որոշումն ընդունել է հունիսի 20-ին»։
Մինչ ստորագրահավաքը շարունակվում է առցանց տիրույթում, Գյումրիում տրամադրություններն այս առումով խիստ հակասական են՝ հանրության մի մասը Հայաստանի փրկությունը տեսնում է Սյունիքի համայնքապետներին որպես նախկիններ ձերբակալելու եւ խստագույնս պատժելու, իսկ հակառակ բեւեռը՝ նրանց ազատ արձակելու մեջ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։