«Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով». Ամենայն հայոց բանաստեղծի տողերը որդեգրած «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի հերթական ճամփորդությունը դեպի Լոռի էր՝ երգչախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի հոբելյանը նշանավորելու նպատակով։
Հուլիսի 23-ին խմբավարը կդառնար 70 տարեկան։
Ամիսներ առաջ երգչախմբի անդամները որոշել են ստեղծել հոգեւոր երգերի ձայնասկավառակ-ալբոմ՝ որպես նվեր-շնորհակալություն իրենց ուսուցչին, իսկ ձայնասկավառակի շնորհանդեսն անցկացնել ճամփորդելով ու երգելով։
Լոռիում «Սեբաստացիներ»-ի առաջին կանգառն Օձուն գյուղն էր, որտեղ եկեղեցում երգչախումբը հոգեւոր երգեր հնչեցրեց։ Իսկ Վանաձորի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում երգչախմբի անդամները հանպատրաստից հարսանեկան պարերգեր կատարեցին՝ տեսնելով եկեղեցուց դուրս եկող նորապսակներին։
Այնուհետեւ եկեղեցում Հարություն Թոփիկյանի 70-ամյակին նվիրված «Սիրոյ քո հուր» խորագրով հոգեւոր երգերի ձայնասկավառակը ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը՝ նշելով, որ դրանում զետեղված երգերը ձայնագրվել են Հայաստանի տարբեր եկեղեցիներում, եւ աշխատանքն ամբողջությամբ կրթահամալիրի ուսուցիչներն են արել՝ այդ կերպ երախտապարտ լինելով Հարություն Թոփիկյանին։
«Մաեստրոն իր օրինակով ցույց տվեց բոլոր արվեստագետներին, որ ինչքան էլ հայտնի լինես, ունենաս պետական կոչում եւ այլն, շատ կարեւոր է, որ նաեւ հանրային դպրոցի համար աշխատես։ Եթե հայտնի արվեստագետները դա չեն անում, չեն օգտվում էդ բաց դպրոցից ու իրենց ներդրումը չեն ունենում, չեն ստեղծում հոգեւոր, ստեղծագործողի դպրոցը, ուրեմն մի քիչ կասկածելի է ամեն ինչ դառնում»,- ասում է Աշոտ Բլեյանն ու հավելում, որ ուսուցիչները ի զորու չեն միայնակ եւ ինքնուրույն անելու այդ գործը։
Հոգեւոր երգը պետք է դառնա կրթական ծրագրի բաղկացուցիչը, հայ մարդը եկեղեցում պետք է պատարագի, ոչ թե մտնի՝ միայն մոմ վառելու, կարծում է Բլեյանն ու խոստանում՝ ամեն ինչ անելու եւ օգնելու է, որ Վանաձորը նույնպես ունենա ուսուցչական երգչախումբ։
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը հիմնադրվել է 2012 թվականին։ Քառաձայն երգչախմբի կատարողները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժներն են։ Շրջելով Հայաստանի տարբեր մարզերով ու բնակավայրերով՝ նրանք հանդես են գալիս գործող եւ խոնարհված եկեղեցիներում եւ կատարում հոգեւոր ու աշխարհիկ երգեր, շարականներ, նաեւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Ներկայում երգչախումբը ղեկավարում է կրթահամալիրի երաժշտության դասատու Մարինե Ոսկանյանը։
«Ճամփորդությամբ ու թափառելով՝ մենք կրկնակի օգուտ ենք ստանում, նաեւ հայտնաբերում ենք մեր հայրենիքը։ Եվ սա է իրական հայրենաճանաչությունը, որը սոսկ ցանկություն չէ, այլ ամենօրյա աշխատանք», — ասում է Աշոտ Բլեյանը։
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի կազմակերպական աշխատանքների համակարգող Արմինե Թոփչյանը երգչախմբի կազմում է ստեղծման օրից։ Ասում է՝ իրենց նպատակն է Կոմիտասի հոգեւոր, աշխարհիկ մշակույթի կրող դառնալն ու տարածելը։
«Այն ոգեղենությունը, ոգեւորությունը, որ ստանում ենք երգի միջոցով, չի կարող չազդել յուրաքանչյուրիս մանկավարժական աշխատանքի որակի վրա։ Եվ մաեստրոյի ծննդյան օրվան նվիրված մեր երգարշավն էլ ուսուցչական երգչախմբի գործունեության այս մոդելի մի ներկայացումն էր։ Կուզենք, որ Հայաստանի ամեն շրջանում ստեղծվեն ուսուցչական երգչախմբեր։ Եվ քանի որ Հարություն Թոփիկյանը տոն-մաեստրո էր ու մեզ կոմիտասյան տոն է փոխանցել, նրա ծննդյան օրը պիտի այսպես տոնեինք՝ չնայած նրա ֆիզիկական բացակայությանը»,- ասում է Արմինե Թոփչյանը։
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում «Սեբաստացիներ»-ից բացի ելույթ ունեցավ նաեւ Վանաձորի կամերային երգչախումբը, որի ղեկավար Ռուզաննա Մխիթարյանի խմբավարությամբ համերգին ներկա հանրությունը կատարեց Հայրապետական մաղթերգը։
Հարություն Թոփիկյանի 70-ամյակին նվիրված ձայնասկավառակի շնորհանդես-ճամփորդությունն ավարտվեց Վանաձորի «Արցախ» պուրակում «Կոմիտաս» ժողովրդական տոնախմբությամբ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։