ՈՄԱ («Ողջ մնալու արվեստը») կազմակերպության ղեկավար Վովա Վարտանովը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «անհաջողակ թուրքական գործակալ», ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որեւէ կապ եւ առնչություն չունի ՈՄԱ ռազմա-հայրենասիրական հասարակական կազմակերպության եւ վերջինիս ծավալած գործունեության հետ։
Դուբակովը Բաքվում հայտարարել, նաեւ ցուցմունք է տվել, թե ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, եւ կազմակերպությունն իրեն Շուշի եւ Ստեփանակերտ է տարել ու ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր:
«Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի եւ Ստեփանակերտի մատույցներ կհասնի»,- ընդգծել է ՈՄԱ-ի ղեկավարը:
Վարտանովը նշել է, որ Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել իրենց հետ, սակայն «արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով, որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ՝ վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել եւ հետեւաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել»:
Հիշեցնենք՝ Բաքվի դատարանը Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։
Դուբակովը մեղադրվում է Արցախում ՀՀ ԶՈՒ զորավարժությունների մասնակցելու, ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով: