Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Մրցումային հերթական օրվա՝ հուլիսի 25-ի ավարտից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարն անփոփոխ է: Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Չինաստանն է՝ 6 ոսկե, 1 արծաթե, 4 բրոնզե մեդալներով (ընդհանուր` 11): Երկրորդը Ճապոնիան է` 5 ոսկե, 1 արծաթե մեդալներով (ընդհանուր`6), եւ եռյակը եզրափակում է ԱՄՆ-ի թիմը՝ 4 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներով (ընդհանուր`10):
Ընդհանուր հաշվարկով Տոկիո-32-ում խաղարկվում է մեդալների 339 զույգ հավաքածու՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016-ի Օլիմպիական խաղերում էր:
Նորվեգիայի օլիմպիական աստղը
Ըստ անգլիական The Sun-ի՝ նորվեգացի Քրիստիան Բրումեֆելդը, լավագույն արդյունք ցույց տալով, նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ: Մարզիկը սակայն, տրիատլոնի մրցումների ժամանակ վատացել է եզրագիծը հատելուց հետո: Բրումեֆելդն ընկել է գետնին եւ երկար ժամանակ չի կարողացել տեղից բարձրանալ:
27-ամյա մարզիկը մրցումների վերջում վատացել է այս օրերին Տոկիոյում հաստատված շոգ եղանակից: Օլիմպիական չեմպիոնին մրցուղուց հեռացրել են հենասալյակով: Կազդուրվելուց հետո նորվեգացի տրիատլոնիստը կարողացել է անձամբ ներկայանալ մեդալների մրցանակաբաշխությանը եւ ստանալ Նորվեգիայի առաջին մեդալը:
Նորվեգիայի երկնային աստղը
Ի դեպ, նույն օրվա գիշերը՝ 01։00-ին, Նորվեգիայի հարավում՝ Օսլոյից ոչ հեռու, երկնաքար է ընկել։ Երկնաքարի բռնկումը լուսավորել է գիշերային երկինքը։ Ըստ նորվեգական Aftenposten պարբերականի՝ հնարավոր է՝ երկնաքարի բեկորներն ընկած լինեն Օսլոյից ոչ հեռու՝ Լյեր գյուղում։
Նորվեգական աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Թոր Ասլեսենը հայտնել է, որ դրանք գտնելը բարդ խնդիր է, հարկ կլինի մետր առ մետր փնտրել: Նորվեգացի աստղագետները հայտարարել են, որ բնական պատմության թանգարանը պատրաստ է վճարելու բեկորների համար, եւ իսկապես դրանց տեղը հենց նշված թանգարանում է: