Քաբուլի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ Աֆղանստանի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը նախատեսվում է օգոստոսի սկզբին:
Հաշտության բանակցությունների անցկացման շրջանակում ծրագրվում է բազային սկզբունքների համաձայնեցումը կողմերի միջեւ, քանի որ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից ԱՄՆ ռազմական ուժերի լիակատար դուրսբերումն ավարտված կլինի մինչեւ օգոստոսի վերջը:
Քաբուլի կառավարության եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Քաթարում՝ Դոհայում, հուլիսի 16-18-ին:
Կողմերը չեն կարողացել խաղաղ կարգավորման շուրջ ընդհանուր որոշում ընդունել եւ ծրագրել են շարունակել բանակցություններն այդ հարցի վերաբերյալ:
Պատմական որոշման առաջին հետեւանքները
Այս տարվա ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավի՝ Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին:
Աֆղանստանում իրադրությունը վատթարացել է «Թալիբան» շարժան զինյալների՝ հարձակման տեմպերը մի շարք ուղղություններով սաստկացնելուց հետո:
Շարժման ներկայացուցիչերը պնդում են, որ վերահսկողություն են սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանամերձ շրջանները:
Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը մեծանում է
ՄԱԿ-ը իր՝ Աֆղանստանի աջակցության առաքելության (UNAMA) զեկույցում ընդգծել է, որ Աֆղանստանում քաղաքացիական բնակչության շրջանում սպանվածների եւ տուժածների թիվը 2021-ի առաջին կեսին հասել է ռեկորդային մակարդակի:
Օտարերկրյա ուժերի դուրսբերմանը զուգընթաց մայիսին բռնության կտրուկ աճ է գրանցվել։
Ըստ զեկույցի՝ քաղաքացիական բնակիչներից 1659-ը սպանվել է, 3254-ը՝ վիրավորվել։ Այս թվերը 47 տոկոսով ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ։
ՄԱԿ-ը զգուշացրել է, որ եթե Աֆղանստանում լարվածության նկատելի թուլացում չլինի, 2021-ին կգրանցվի քաղաքացիական բնակչության շրջանում տարեկան փաստագրված զոհերի ամենամեծ թիվը։
Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» շարժման զինյալների դիմակայությունը, որի արդյունքում զինյալները զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում ու հարձակում ծավալել խոշոր քաղաքների վրա:
Օդային հարվածները կշարունակվեն
ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ ՄըքՔենզին հայտարարել է, որ եթե առաջիկա շաբաթներին «Թալիբան» շարժումը շարունակի իր հարձակումները, ԱՄՆ զինված ուժերը՝ հաջակցություն Աֆղանստանի կառավարական ուժերի, կմեծացնի շարժման զինյալների դեմ օդային հարվածների քանակը:
Ամերիկացի գեներալն, այդուհանդերձ, չի հստակեցրել՝ արդյո՞ք ամերիկյան օդուժը կշարունակի աջակցություն ցուցաբերել պաշտոնական Քաբուլին օգոստոսի 31-ից ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից վերջնական դուրսբերումից հետո։