ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման վերաբերյալ։
Փաստերի հավաքման արդյունքում պարզվել է, որ անձը Մաճկալաշեն համայնքի 1989-ի ծնված բնակիչ է, որը զբաղվում էր անասնապահությամբ եւ կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Համայնքային իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։ Նրանց միջնորդությամբ բանակցություններ են վարվել քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ։
Արցախի ՄԻՊ-ը հայտնել է, որ Մարտունու շրջանում գերեվարված քաղաքացին վերադարձվել է։ Այս պահին նա ռուս խաղաղապահների մոտ է եւ շուտով կփոխանցվի հայկական կողմին:
Թարմացում.
Արցախի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը հայտնել է, որ համայնքի 32-ամյա բնակիչը` Արտակը, վերադարձվել է հայկական կողմին եւ բուժզննում անցել։ Համայնքապետը նշել է, որ «կարծես թե ամեն ինչ նորմալ է»։