ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021-ի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը Սոթքի լեռնանցքի հողմակների տարածքում տեղակայված դիրքերից, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարեւանությամբ:
Ահազանգեր են ստացվել նաեւ, որ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների, նրանց հրահրած լարված իրավիճակի պատճառով տարհանվել են Սոթքի հանքավայրի աշխատակիցները:
Փաստը, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը գիշերը կրակոցների պատճառով ստիպված է եղել դադարեցնել հանքավայրի աշխատանքը, վկայում է ադրբեջանական զինված ուժերի կողմից ընկերության օրինական ձեռնարկատիրական գործունեությունը խոչընդոտելու, աշխատակիցների իրավունքները կոպտորեն խախտելու, մարդկանց կյանքի համար իրական վտանգի մասին:
ՀՀ ՄԻՊ-ը հատուկ արձանագրել է, որ հողմակների այն տարածքը, որտեղից ադրբեջանական զինված ուժերը կրակել են, ՀՀ Կառավարության 2000 թվականի դեկտեմբերի որոշմամբ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի հիման վրա տրամադրվել է ՀՀ-ում իրավական գրանցում ունեցող ընկերությանը եւ այդ ընկերության հետ կնքվել 30 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր՝ ապահովելով գույքային իրավունքների պետական գրանցումը:
Այսինքն՝ հողատարածքը իրավական հիմքով պատկանում է ՀՀ-ում գրանցում ունեցող ընկերության օրինական տիրապետությանը, այն տրամադրվել է էլեկտրաէներգիայի արտադրության համար հողմային էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու նպատակով։ Նշված 200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունը կառուցել է 2 հողմակ:
Այդ տարածք ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար ներխուժել են 2020-ի նոյեմբերի 25-ին ու դրանով ընկերությանը պատճառել շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլարի վնաս: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել 2021-ի փետրվարի 5-ին:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ահազանգեր է ստացել նաեւ ադրբեջանական զինված ուժերի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի եւ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ կրակոցների մասին:
Նկարագրված կրակոցները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերի ինքնին ներկայությունը ՀՀ քացաքացիական բնակավայրերի հարեւանությամբ, Սյունիքի համայնքների միջեւ ճանապարհներին առաջնահերթ ՀՀ բնակիչների կյանքի իրավունքի խախտում է:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Գեղարքունիքի եւ Արարատի մարզերում հուլիսի 26-ի ադրբեջանական կրակոցների փաստերը պաշտոնապես հաստատել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը:
ՄԻՊ-ի հայտարարությունը ամբողջությամբ՝ այստեղ: