ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ահազանգ է ստացել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքի աղտոտման եւ աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքերի մասին՝ կից ներկայացված լուսանկարներով։
Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ՇՄՆ-ն համապատասխան գրություններ կուղարկի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին:
Պետրոսյանը վերջինիս խնդրել է, որ մարզպետարանների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվի միջոցներ ձեռնարկել եւ շրջակա միջավայրի արդյունավետ պահպանություն իրականացնել համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, բնական լանդշաֆտներին հարակից տարածքներում, ինչպես նաեւ նշված վայրերում պատշաճ մակարդակով իրականացնել աղբահանության գործընթացը։
Գրություն է ուղարկվել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում հատուկ միջոցներ ձեռնարկելու համար: