Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարությանը եւ Վարոշան բացելու նախաձեռնությանը, հայտարարել է, որ Հունաստանը երբեք չի ընդունի դրանք:
Սակելարոպուլուն ընդգծել է, որ Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին, եւ Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անընդունելի հայտարարությունների հարցում ոչ մի զիջում չի լինի:
«Թուրքիայի անօրինական գործողությունների ու ագրեսիայի դեմ պայքարում մենք վճռական ենք»,- շեշտել է Հունաստանի նախագահը:
Էրդողանը հուլիսի 20-ին Կիպրոսի թուրքական մասում հայտարարել էր, որ թուրքական կողմը չի ընդունում լուծման նախկին՝ կղզու միավորման տարբերակները եւ առաջ էր քաշել երկու առանձին պետությունների սկզբունքով լուծման իր տարբերակը:
Էրդողանը եւ Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարը նաեւ հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին:
1974-ին թուրքական ներխուժումից հետո Վարոշան ցանկապատվել եւ այլեւս չի բնակեցվել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984-ի բանաձեւով Վարոշան չեզոք գոտի է հայտարարվել եւ պետք է անձեռնմխելի մնա մինչեւ 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը: