Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է ԼՂ-Հայաստան գաղտնի պայմանագրի մասին եւ հրապարակում այն երաշխիքները, որ Հայաստանն է տալիս:
Դրանք են՝ բացառել Լաչինի վերադարձն Ադրբեջանին, պաշտպանության բանակի կազմացրումը եւ զինաթափումը, ֆորս-մաժորի դեպքում Հայաստանի ռազմական ներուժի լիովին կիրառմամբ ԼՂ-ի հայաթափման կասեցումը, ապագա բանակցություններին ԼՂ-ի մասնակցությունը՝ իր համար ընդունելի կարգավիճակի որոշարկմամբ: Փոխարենը ԼՂ փաստացի իշխանությունը պարտավորվում է կատարել ԵԱՀԽ առաջարկած քայլերը եւ պատժել դրան խոչընդոտողներին:
Բաց է մնում մի հարց՝ ղարաբաղյան կողմը, ի դեմս ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի եւ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ստորագրե՞լ է այդ պայմանագիրը: Գեորգի Պետրոսյանի պարագայում ամեն ինչ, կարծես, պարզ է: Այդ քննարկումներից հետո նա հրաժարական է տվել, ԳԽ նախագահի պաշտոնակատար է ընտրվել Կարեն Բաբուրյանը, որ ԼՂՀ-ի անունից ստորագրել է Քելբաջարի շրջանից զորքերի դուրսբերման ժամանակացույցը:
Մի քանի օր անց, սակայն, նույն Բաբուրյանը նամակով դիմել է ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելիին եւ ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ ժամկետ խնդրել՝ պատճառաբանելով, որ պաշտպանության բանակի որոշ կազմավորումներ չեն ենթարկվում քաղաքական ղեկավարությանը: Դրան հաջորդել է Աղդամի ռազմական գործողությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արդեն երկրորդ բանաձեւն է ընդունել, եւ հունիսի 14-ին Ստեփանակերտում ձեռք բերված պայմանավորվածությունները փաստացի չեղարկվել են:
Քաղաքական այս դեմարշը երկուսուկես տասնամյակ ներկայացվել է այնպես, որ Հայաստանի նախագահը դեմ էր նոր տարածքների ազատագրմանը, եւ ղարաբաղյան ռազմա-դաշտային հրամանատարությունը եւ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարտադրված էին ինքնուրույն որոշումներ ընդունել՝ ապահովելու պատերազմի հաղթական ավարտը:
Հրապարակված տեսանյութը, մինչդեռ, ապացուցում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերմամբ հասնել պատերազմի դադարեցմանը, հիմք նախապատրաստել քաղաքական լայնաֆորմատ բանակցությունների համար, որտեղ կներգրավվեին ԵԱՀԽ-ն, Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը: Եվ տալիս էր երաշխիքներ, որ Քելբաջարից զորքերի դուրսբերումը չի բերի Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման, Լաչինը կմնա ղարաբաղյան վերահսկողության ներքո, իսկ կարգավիճակը կորոշարկվի ԼՂ-ի մասնակցությամբ:
Այս դիտանկյունից գնահատելով՝ 1993 թվականի ամռանը ղարաբաղյան կողմը տապալել է զինադադարի եւ քաղաքական բանակցություններ սկսելու ծրագիրը, որի հովանավորն էին ԵԱՀԽ-ն՝ ի դեմս Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, իսկ երաշխավորը՝ Հայաստանը: Եվ եթե ղարաբաղյան կողմը նենգադուլի է ենթարկել այն, ապա ծագում է տրամաբանական հարց՝ ո՞վ է նրան ավելի մեծ եւ առավել վստահելի երաշխիքներ տվել: Իսկ որ առանց դրա ղարաբաղյան ռազմա-քաղաքական էլիտան չէր գնա նախագահ Տեր-Պետրոսյանի հետ դիմակայության, չէր վտանգի նրա միջազգային հեղինակությունը, որեւէ կասկած չպետք է ունենալ:
Այս իմաստով չափազանց ուշագրավ է, որ Ստեփանակերտում գաղտնի պայմանագրի շուրջ քննարկումներ Հայաստանի նախագահը նախաձեռնել է այն փուլում, երբ Ադրբեջանում հասունացել էր իշխանափոխության հարցը: Մեկ օր անց՝ հունիսի 15-ին, Հեյդար Ալիեւն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ՝ փոխարինելով Իսա Գամբարովին: Դրան հետեւեց Էլչիբեյի «փախուստը» հայրենի նախիջեւանյան Քելեքի գյուղ, եւ Հեյդար Ալիեւը, ինչպես ասում են, իրավունքի ուժով ստանձնեց նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:
Տեղյա՞կ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ Ադրբեջանում իշխանության է վերադառնում Հեյդար Ալիեւը: Ըստ երեւույթին՝ այո, որովհետեւ Ադրբեջանում ավելի վաղ սկսված ներքաղաքական ճգնաժամն այլ հանգուցալուծում չէր կարող ունենալ: Իրավիճակը նույնիսկ ոչ իրազեկ մարդուն էր մղում միակ տրամաբանական հետեւության՝ Հեյդար Ալիեւի վերադարձի ճանապարհը բաց է, այդ հարցը քննարկված եւ համաձայնեցված է առնվազն Մոսկվա-Անկարա առանցքով:
Այս իրավիճակից մտահոգություններ Հայաստանի նախագահն ունեցե՞լ է: Տրամաբանական է թվում, որ այո: Որովհետեւ այլ է էքսցենտրիկ եւ միջազգային հեղինակություն չունեցող Էլչիբեյի հետ գործ ունենալը, բոլորովին այլ, երբ վերադառնում է «հին գայլ» Հեյդար Ալիեւը՝ պետական գործչի տասնամյակների փորձառությամբ, մոսկովյան վաղեմի կապերով եւ Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնում Թուրքիայի եւ Իրանի հետ ձեռք բերած որոշակի համաձայնություններով:
Զինադադարի համաձայնությունը, պատերազմական գործողությունների դադարեցումը կարգելափակեի՞ն դեպի բարձրագույն իշխանություն Հեյդար Ալիեւի ճանապարհը: Թերեւս ոչ, իշխանափոխության մեքենան Ադրբեջանում գործարկված էր, այդ թափանիվը հնարավոր չէր կանգնեցնել: Բայց իշխանության եկած Հեյդար Ալիեւն արդեն իսկ կաշկանդված կլիներ պայմանավորվածություններով, որոնց երաշխավոր էին լինելու ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը, ԵԱՀԽ Մինսկի խորհրդաժողովը եւ Հայաստանը:
Բայց այդ դեպքում Հեյդար Ալիեւը չէր ընկալվի որպես փրկիչ, մեսիա: Ադրբեջանում կբարձրանար դժգոհության ալիք: Հեյդար Ալիեւին պետք էր ամուր իշխանություն: Պատերազմը, թեկուզ նոր տարածքների կորստյան գնով, նրան տալիս էր այդ հնարավորությունը: Ղարաբաղյան կողմն, ըստ երեւույթին, իրավիճակի սեփական գնահատումն էր արել՝ որքան հնարավոր է ավելի շատ տարածքներ ազատագրել, որպեսզի հետագա բանակցություններում հնարավոր լինի հանդես գալ հաղթողի, ուժեղի, կամք թելադրողի դիրքերից:
Քաղաքական սխալ հաշվա՞րկ էր դա, թե՞ խաղաղության ծրագրի գիտակցված տապալում: Թվում է՝ բացահայտումներ էլի են լինելու: Եվ փաստական նյութի անաչառ գնահատումը բերելու է այս եւ բազմաթիվ այլ հարցերում ճիշտ կողմնորոշման: Դա պարապ զբաղմունք չէ, որովհետեւ խաղաղության օրակարգը կարող է տապալվել նաեւ վաղը՝ էլ ավելի աղետալի վիճակի մատնելով Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։