Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված, ապա հայկական կողմին վերադարձված բնակչին ադրբեջանական զինծառայողները ծեծի եւ անմարդկային վերաբերմունքի են ենթարկել։
Պաշտպանը գրել է, որ, նախնական տվյալներով, վնասվել է քաղաքացու աջ ոտքը: Ադրբեջանական զինծառայողները նաեւ պատառոտել են նրա շորերը։
Ստեփանյանը նշել է, որ քաղաքացին այժմ գյուղի իր տանն է:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավելել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին խոշտանգելու ու նվաստացնելու առիթը բաց չթողնելով:
Արցախի ՄԻՊ-ը միջադեպի վերաբերյալ հրավիրել է միջազգային կազմակերպությունների եւ Արցախի իրավապահ մարմինների ուշադրությունը։