Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Հայաստանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
Չելիքը գրել է, թե խստագույնս դատապարտում է «Քելբաջարում Հայաստանի հարձակումը, որի հետեւանքով ադրբեջանցի զինվոր է զոհվել»։
«Հայաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, որը տարածաշրջանի խաղաղության համար սպառնալիք է։ Այդ ագրեսիվ քաղաքականության համար պատասխանատու են նաեւ Հայաստանին քաջալերողները»,- պնդել է թուրք պաշտոնյան:
Իշխող կուսակցության մամուլի խոսնակը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը տարածաշրջանի երկրների հետ պլատֆորմ ստեղծելու մասին, որում «իր ագրեսիվ պահվածքից հրաժարվելու դեպքում» կարող է ներգրավվել նաեւ Հայաստանը:
Չեքիլը շեշտել է, թե Հայաստանը չպետք է վատնի այս պատմական հնարավորությունը եւ պետք է լավ հասկանա Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ուղերձները։
«Հակառակ դեպքում Հայաստանը առերեսվելու է նոր խնդիրների հետ»,- սպառնացել է թուրք պաշտոնյան: