Իսրայելական Haaretz պարբերականի անգլիական ծառայության հեղինակ Ամոս Հարելը անդրադարձել է իսրայելական անօդաչու սարքերին։
Պաշտպանության նախարար Բենի Գանզի եւ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ IDF-ի (Israel Defense forces) ղեկավար Ավիվ Քոչավիի վաշինգտոնյան այցերի ընթացքում, ինչպես նաեւ Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջերս տեղի ունեցած անվտանգության բոլոր հանդիպումներում քննարկվել են անօդաչուներին եւ օդային բարձիկով ամենագնացներին ուժեղացված արձագանքման անհրաժեշտության հարցերը:
Բարելավվել է հետախուզական եւ ռադարային համագործակցությունը Իսրայելի եւ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության միջեւ, որոնց ստորաբաժանումները ցրված են տարածաշրջանով մեկ:
Բացի դրանից՝ փոփոխություններ են արվել Iron Dome հակաօդային պաշտպանության սարքի վրա։
Մարտահրավերները գնալով աճում են
Սարքն ի սկզբանե նախատեսված չի եղել միջին արագության ԱԹՍ-ի դեմ մարտնչելու համար: Մայիսին Iron Dome-ը առաջին անգամ օգտագործվեց Գազայի մարտերի ընթացքում անօդաչուներին կանգնեցնելու համար:
Իսրայելի ԶՈՒ գլխավոր շտաբից Haaretz-ի թղթակցին ասել են, որ Իրանի անօդաչուներին ու արբանյակներին ներկայացնող մարտահրավերը գնալով աճում է։ Իրանի իշխանությունը սխալ տպավորություն ու պատկերացումներ ունի իսրայելական ԱԹՍ-ների մասին, որոնց հակահարված տալն այնքան էլ հեշտ չի լինի։
Հզորության ցուցադրում ԼՂ-ում
Haaretz-ի հոդվածագիրը հիշեցրել է, որ նախորդ տարում անօդաչու թռչող սարքերի հզորությունը ցուցադրվեց երկու հարձակումներում, որոնցից մեկին Իսրայելն ուղղակիորեն է մասնակցել: Առաջինը Լեռնային Ղարաբաղի պատերազմն էր աշնան ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, երկրորդը Գազայի դեմ մարտերն էին:
Կովկասում պատերազմի վեց շաբաթվա ընթացքում հաղթաթուղթը ադրբեջանցիների կողմն էր՝ հիմնականում իսրայելական եւ թուրքական ԱԹՍ-ների լայնորեն կիրառման շնորհիվ: Հայերը ստիպված էին հրադադար խնդրել:
Զինամթերքի օգտագործման պարզ եւ էժան միջոց
Արեւմուտքի ռազմական փորձագետների կարծիքով անօդաչու թռչող սարքերը ադրբեջանցիներին հսկայական առավելություն էին տալիս. նրանք համակարգված հարվածում էին հայկական հետեւակին, զրահատեխնիկային եւ հրետանուն: Պատերազմական այդ հաջողությունը, թերեւս, կմեծացնի անօդաչուների, դրանց թվում՝ օդային բարձիկներով ցածր թռչող ինքնաթիռների արտադրության պահանջարկն ամբողջ աշխարհում։
Անօդաչուները ադրբեջանցիների համար ճշգրիտ զինամթերք օգտագործելու պարզ եւ էժան միջոց էին, ինչպես իրանցիների պարագայում:
Ադրբեջանը նաեւ հրապարակեց հայկական զորքերի վրա իր հարվածների կադրերը:
Washington Post-ը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը պատկերավոր ցուցադրեց անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները, ինչը կարող է փոխել ինքնաթիռների եւ ցամաքային ուժերի մինչ այժմ թելադրված մարտական գործընթացները:
Կարող են օդից ոչնչացվել
Պատերազմը նաեւ ցույց տվեց, որ նույնիսկ առաջադեմ զենքերը՝ ռադարից մինչեւ տանկեր, հատուկ պաշտպանության բացակայության դեպքում կարող են օդից ոչնչացվել:
Խորհրդային հակաօդային համակարգերը չկարողացան հաղթահարել իրավիճակը, եւ անօդաչու թռչող սարքերը առաջխաղացման ուղի բացեցին նաեւ ցամաքում: Ըստ տարբեր գնահատականների՝ այս հարձակումներում ոչնչացվել է հայկական տանկերի մոտ մեկ երրորդը:
Արհեստական ինտելեկտի միջոցով ստացված տեղեկություն
Մայիսյան մարտերում Իսրայելն օգտագործել է անօդաչուներ եւ բարձիկների վրա հիմնված սարքեր: Առաջին անգամ Համասը ենթարկվեց ԱԹՍ-ի հարձակումների՝ հրթիռային արձակիչների, տեղանքը պարզելուց հետո․ արհեստական ինտելեկտի միջոցով ստացված տեղեկության արագ վերլուծության հիման վրա հայտնաբերվում է գործարկման տեղանքը:
Իսրայելի առաջընթացի մի մասը օտարերկրյա ուժերին կներկայացվի շուտով՝ իր տեսակի մեջ առաջին, օդուժի կողմից իրականացվող միջազգային զորավարժությունների ժամանակ:
Համեմատաբար հանգիստ նշվեց
Լիբանանյան երկրորդ պատերազմի մեկնարկի 15-րդ տարին օրերս համեմատաբար հանգիստ նշվեց:
Ինչպես ընդունված էր, պատերազմում զոհվածների հիշատակի ամենամյա արարողությունը տեղի ունեցավ եբրայական օրացույցի համաձայն՝ մի քանի շաբաթ առաջ:
Բանակը, ինչպես ամեն տարի, ճեպազրույց տվեց լրագրողների համար՝ պատերազմից քաղած դասերի մասին: Այս ամենը տեղի է ունեցել, երբ Լիբանանը մեծ ճգնաժամում է հայտնվել: Քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի եւ սննդամթերքի անվերջ դեֆիցիտը կյանքն անտանելի են դարձրել:
Քանի որ Հըզբոլլահը՝ երկրի ամենահզոր ուժը, իրավիճակի պատասխանատուներից մեկն է, Իսրայելի պաշտպանության պաշտոնյաները ճգնաժամը համարում են գործոն մեկ այլ ռազմական բախման հնարավորության համար:
Հազիվ թե դիմի բախման
Ըստ հետախուզական տվյալների՝ լիբանանյան օրակարգը գրեթե լիովին քաղաքացիական է եւ տնտեսական։ Այս փուլում քիչ հավանական է, որ Հըզբոլլահը կցանկանա Իսրայելի հետ բախման դիմել՝ ճգնաժամից խուսափելու համար:
Բայց իրականում հանգիստ իրավիճակը հիմնականում կախված է Իրանի առաջնահերթություններից: Նախ ցանկություն կա պահպանելու Հըզբոլլահի ներուժը` հակահարված տալու նպատակով, եթե Իսրայելը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա:
Դրանից բացի՝ Լիբանանից շիա մարտիկները ուղարկվեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ասադի ռեժիմը փրկելու համար: Եվ, ինչպես միշտ, մենք պետք է հիշենք, որ Իսրայելը նույնպես շահագրգռված է հանգստություն պահպանելու:
Խաղաղության պահպանման ձգտումն առայժմ փոխադարձ է:
Պատրաստեց Կարինե Դավոյանը