Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի հետ հանդիպմանը Վաշինգտոնին հորդորել է «հրաժարվել ամբարտավանության եւ նախապաշարմունքի քաղաքականությունից եւ Չինաստանի հետ հարաբերություններում վերադառնալ բանական եւ պրագմատիկ գործելաոճին»:
Նախարար Ին նշել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները կարող են ընթանալ ե՛ւ դեպի բարելավում, ե՛ւ դեպի առճակատում:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի լուրջ բարդություններն ու մարտահրավերները եւ ճիշտ որոշումներ ընդունի, քանի որ դրանցից կախված կլինի երկկողմ հարաբերությունների ապագան:
Պեկին Շերմանի այցը ԱԳ նախարար Ին որակել է որպես փոխադարձ շփումների եւ երկխոսության փուլ:
Նա ընդգծել է, որ երկու կողմերը պետք է փորձեն հասկանալ միմյանց, հարթել թյուրիմացությունները, խուսափել թյուր դատողություններից եւ տարաձայնությունները հաղթահարել պարբերական երկխոսության միջոցով:
«Չինաստանի արդիականացումը եւ զարգացումը խոչընդոտելու փորձերը ձախողվել են եւ ապագայում էլ կձախողվեն»,- ասել է արտգործնախարար Վան Ին:
Պեկինը, Վան Իի հավաստիացմամբ, ցանկանում է Վաշինգտոնի հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, որոնք հաջողություն կբերեն երկու կողմին: