ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հակառակորդը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն:
«Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կատարում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։
Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, եւս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ընդգծել է ՀՀ ՊՆ-ն:
Հուլիսի 28-ին՝ 03։40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով մարտական գործողությունների հետևանքով երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են։
ՀՀ ՊՆ-ն ընդգծել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
Ադրբեջանի ՊՆ-ն պնդել է, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կեսգիշերից քիչ անց գնդակոծել ադրբեջանական ուժերի դիրքերը «Քելբաջարի շրջանում», վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են կիրառում: