Ժամանակաշրջանում, որ դժվար է բնորոշել՝ ետպատերազմական է, թե պատերազմական, օրերի մեջ, որոնց լրահոսում դեռ փնտրվող կամ գտնված աճյունների, նոր մահերի ու սպանությունների մասին տեղեկություններ են, ավելի ու ավելի բարդ է դարձել նստել սպիտակ թղթի առջեւ եւ կամ կապույտ էկրանի դիմաց ու գրել տողեր ներկայի ու ապագայի մասին։
Առանց հույսի իրական փաստարկների գրել կարելի է անցյալից միայն, թեեւ մեզանում, երեւի խորհրդային անցյալի իներցիայով, «անցյալը նույնպես անկանխատեսելի է», հետեւաբար նաեւ հույսերով լի․ Սեւրի խտղտալի հովերը՝ վկա։
Չգրելու կամ գրել չկարողանալու մասին տեսքտերը կարծես ավելի շատ են հիմա, որովհետեւ շատ բարդ է վերլուծել, քննել ու քննարկել մի իրադրություն, մի ներկա, որ այսքան լի է անորոշություններով, մտահոգություններով ու անզորության սուր զգացմամբ։
Իմ սերնդի համար, որ քիչ է հեռու «կորսված սերունդ» կնիքն ունենալուց, սփոփանքի ու կյանքը, գիրը, ծրագրերը շարունակելու համար խթան գտնելը դարձել է ամենօրյա տքնաջան աշխատանքի մաս։ Իմ սերնդի համար, որ իր ակնկալիքները գալիքից ձեւակերպել չհասցրած՝ անցյալի փլատակների տակ հայտնվեց, ապագայի մասին տողեր գրելը ներկան արհամարհելու չափ մեծ հանդգնություն է պահանջում։
Բյոլյան սփոփանքի դեղատոմսը գուցե ճիշտ տեղին է նաեւ մեզ համար՝ «Միակ սփոփանքը, որ իմ սերունդը կարող է առաջարկել, ժամանակավորի սփոփանքն է, անցողիկի սփոփանքը։ Չափազանց շատ բան է տեղի ունեցել , չափազանց շատ է դատարակաբանվել, չափազանց քիչ բան է արվել այն ժամանակ, որը մեզ պատասխանատու տարիքի է հասցրել» (Հայնրիխ Բյոլ, Ֆրանկֆուրտյան դասախոսություններ)։
Դատարկաբանությունները մեր համատեքստում մարդկային կյանքեր արժեցան, բայց այդպես էլ չգիտակցվեցին ու չընկալվեցին, որ հանցագործ դատարկաբանություն են։ Վկան՝ նույն ջերմեռանդությամբ շարունակվող տեքստերի ու խոսքերի շքերթը ոչ մի բանի մասին կամ աշխարհների մասին, որ գոյություն ունեն միայն դրանց հեղինակների վառ երեւակայության մեջ։
Գրելու, խոսելու անհնարինության ճիրաններից փախչելու փորձերում, կյանքի մանր դրվագների վրա կենտրոնանալու, դրանք ավելի արժեւորելու փորձերում հանկարծ գալիս է գիտակցությունը, որ բառերի հետ խաղալու, դրանցով «աշխարհներ շարժելու» հնարավորությունից նորից ու նորից օգտվում են նրանք միայն, որոնք շարժումն այդ ուղղորդում են սոսկ իրենց հայտնի, իրականության հետ աղերս չունեցող ուղղությամբ։
Միաժամանակ, ներքին հասարակական լարվածությունը լռության ու ինքնախարազանման երկընտրանքում հաճախ ընտրում է երկրորդը։ Պարզ մարդկային առօրեականությունը դառնում է արտասովոր, ուրախության պահերը՝ ճոխություն, իսկ ապագայի մասին խոսելը՝ խենթություն։ Միտումն այս, իհարկե, շրջանցում է մարդկանց, որ ապրումակցման ու բարոյական արժեքների մասին խեղված պատկերացումներ ունեն։ Բայց նրանց առկայությունը երեւի չպիտի ծայրահեղական մոտեցումների պատճառ դառնա, ու ապրելն ինքնին՝ խարազանման առիթ։
Ցավը, կորսված կյանքերի մասին բութ ցավը մեջդ պահելը, չմոռանալը, բայց եւ նրանց անուններն ու նրանց մահը չշահարկելը նույնպես քրտնաջան աշխատանք ու ճիգեր են պահանջում։
Ապրել ուրեմն, ու թե չի գրվում, կրկնակի ճիգով գիրդ կյանք տեղափոխել՝ եթե կարող ես ողջախոհություն ու լույս ավելացնելու, եթե չէ, չջրելու ատելության ծառը, մինչեւ կերեւան նոր հորիզոններ։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։