Գյուղատնտեսական տարին 2021 թվականին Շիրակի մարզում մեկնարկել էր բավականին լավ՝ գրանցելով հացահատիկի ցանքսի զգալի աճ։ 160 հեկտարով ավելացել էին աշնանացանի, 3000 հեկտարով գարնանացանի ցանքատարածությունները։
Գարնանացան գարու ցանքատարածությունների աճին նպաստել էր պետության կողմից սուբսիդավորված գարնանացանի սերմացուի տրամադրումը։ Պետությունն առաջին վերարտադրության սերմը 240, իսկ էլիտան 260 դրամով է ձեռք բերել, որի ուղիղ կեսը վճարել է հողօգտագործողը։
Տարին, սակայն, աչքի ընկավ կլիմայական անբարենապաստ պայմաններով, գրանցվեց վերջին տասնամյակի ամենաաննախադեպ երաշտը, ինչին էլ գումարվեց ջրամբարներում ջրի սակավության պատճառով հողերը ժամանակին չոռոգելը։
Եթե 14 հազար հեկտար աշնանացանը գոնե միջինից ցածր բերք ապահովեց, գարնանացանի պարագայում պատկերն ավելի տխուր էր՝ 21 հազար հեկտար ցանքատարածությունից գյուղացիական որոշ տնտեսություններ 2500 հեկտարում բերք ընդհանրապես չունեցան։
Որ բերքահավաքի ժամանակ գարին կանաչ-կանաչ ու առանց սերմ տալու չորանա, կասկածի տեղիք տվեց որոշ գյուղատնտեսների մոտ։ Դիմեցին էկոնոմիկայի նախարարություն, որոշակի պատասխան չստացան։ Խնդրի մասին պատմեցին իրենց տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին։ Հովսեփյանը Ֆեյսբուքում հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, թե օրեր շարունակ ահազանգ է ստանում Շիրակի մարզի տարբեր գյուղերից այն մասին, որ կառավարության առաջարկած սուբսիդավորվող գարու սերմացուն, որը բավականաչափ մեծ գումար է արժեցել պետության բյուջեի եւ գյուղացիների վրա, չի ծլել եւ բերք չի տվել։
Գյուղացիների պնդմամբ՝ գարին եղել է աշնանացան, 180 օր վեգետացիոն շրջանով, սակայն իրենց այդ մասին ոչինչ չեն ասել, եւ գարնանը գնված ու ցանված գարին բերքատվության փուլ մինչ օրս չի մտել։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Նալբանդյանը վստահեցնում է, որ սուբսիդավորված գարնանացանի սերմից բերք չունենալն ընդհանուր բնույթ չի կրում։
«Հնարավոր է մեկ-երկու հեկտարում լինի նման խնդիր, մենք նման ահազանգ, դիմում-բողոք չունենք հողօգտագործողներից։ 1300-1500 տոննա սերմացու է ներկրվել ու ցանվել մարզում, դրանք սերմնաբուծարանների սերմեր են, որոնք Հայաստանի սահմանը հատելուց անցնում են հատուկ ստուգում էկոնոմիկայի նախարարության սերմերի գործակալության կողմից, կատարվում է նմուշառում, ուսումնասիրություն, որից հետո միայն հասնում է գյուղացուն»,- ասաց Նալբանդյանը։
Նա չբացառեց, որ մեկ մեծ բեռնատարից մեկ-երկու պարկը չհամապատասխանի ընդհանուր որակին, քանի որ անխտիր բոլոր պարկերից նմուշառում անել հնարավոր չէ։
Գետափի բնակիչ Տիգրան Թադեւոսյանը 1250 կիլոգրամ սերմ է գնել, որը ցանել է հինգ հեկտար տարածքում։ Նա նեղսրտած ասում է՝ բերքահավաքն անհնար է. եթե երաշտն էր պատճառը, ինչո՞ւ տեղական սերմը թեկուզ քիչ, բայց որոշակի բերք տվեց։
Դիմել է սերմը ներկրող կազմակերպությանը, ասել են՝ ահա թղթերը, ահա որակի նշանը։ «Ինձ դա ի՞նչ է տալիս, ես իմ ծախսի փոխհատուցումն եմ ուզում, ես վարկ եմ վերցրել, սերմ գնել, հող մշակել, մեկ միլիոնից ավելի պարտքի տակ ընկել, բանից պարզվում է՝ լրիվ այլ բան եմ ցանել»։ Թադեւոսյանը որոշել է հարցը դատարանում լուծել․ «Ներկրող ֆիրմային եմ դատի տալու, թող իմ վնասը փոխհատուցեն»։
«Վահագն Մխիթարյան» ԱՁ նախագահ Ցոլակ Հովհաննիսյանը, որը վերը նշված սերմացու գարու ներկրողն է, ասում է․ «Մեքենան հասնում է Հայաստան, սերմերի գործակալությունը մինչեւ դրական եզրակացություն չտա, սերմը գյուղացուն չի հասնում։ Ես նոր Գետափ համայնքում եմ եղել, ես էլ իրենց պես հող մշակող եմ, նույն ձեւի չի աճել մե՛ր տեղական սերմը, իրենց էլ եմ հասկանում, վնաս են կրել, ուզում են մի տեղից վնասի փոխհատուցում ստանալ, բայց աննորմալ երաշտ է, համատարած բերք չկա, որտեղ մի փոքր խոնավություն կա, մի քիչ բերք հավաքվում է»։
Սոֆյա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Էկոնոմիկայի նախարարությունում հաստատել են, որ 180 օր է վեգետացիոն շրջանը, բայց հոկտեմբերին գարի հավաքելն անհնար է։ Փաստացի գարնանացանը գնել են աշնանացանի տեղ, որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում սրա համար՝ ո՛չ գյուղապետարանը, ո՛չ մարզպետարանը, ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, բոլորն ասում են՝ մենք ինչ իմանայինք»։
Իսկ թե ով է մեղավոր, ինչու չծլեց սերմը, ով ինչից է տեղյակ ու անտեղյակ. հարցեր են, որոնց պատասխաներից ոչինչ չի փոխվի։ Գետափի բնակիչ Տիգրանի ամբարները դատարկ կմնան, պարտքերն ու վարկերն էլ կաճեն։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։