Ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերմանը զուգընթաց այդ երկրից Իրանի տարածքով Թուրքիա մուտք գործելու ապօրինի դեպքերը հաճախակիացել են:
Նման անցումները տեղի են ունենում հիմնականում Վանի նահանգի հատվածից: Հաճախ տեղացի բնակիչները դրանք նկարահանում եւ տարածում են սոցցանցերում:
Մասնավորապես թուրքական Artı gerçek լրատվական կայքը մի տեսանյութ է հրապարակել, որում երեւում է Վան անցնող ավելի քան 100 հոգանոց փախստականների խումբը:
Անկարայի պատկան մարմինները միայն վերջին յոթ օրվա ընթացքում Իրանի կողմից Թուրքիայի սահմանն ապօրինի հատած ավելի քան 1500 փախստականի են ձերբակալել: Ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Աֆղանստանից է:
Թուրքիայում բավական շատ են փախստականների ապօրինի տեղափոխմամբ զբաղվող անձինք: Վերջիններս գումարի դիմաց փախստականներին գաղտագողի ճանապարհներով հասցնում են երկրի արեւմտյան սահման: Իսկ այնտեղից արդեն փախստականները փորձում են թափանցել Եվրոպա: