ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացված սադրանքի հետեւանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է:
Վիրավորվածներից մեկի մասին տեղեկություն չկար: Նա հայտնաբերվել է ծայրահեղ ծանր վիճակում եւ տեղի հիվանդանոցում անհրաժեշտ բժշկական միջամտություններ ստանալուց հետո տեղափոխվել Երեւան՝ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։
Մյուս երեք՝ թեթեւ վիրավորումներ ստացած զինծառայողները եւս տեղափոխվել են Երեւան: Բոլոր վիրավորվածները ժամկետային, շարքային զինծառայողներ են: