Ըստ ադրբեջանական Trend գործակալության՝ Բաքվում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրանց դատապարտել է «լրտեսության եւ պետական սահմանի ապօրինի հատման համար»։
Դատախազը նրանցից յուրաքանչյուրի համար պահանջել էր 16 տարվա ազատազրկում:
Trend գործակալությունը նշել է, որ զինծառայողները ձերբակալվել են 2020-ի նոյեմբերի 11-ին՝ Լաչինի միջանցքով Շուշի ուղեւորվելիս։
Ավելի վաղ 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել հայ գերիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադեւոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բահրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ֆելիքս Գրիգորյանը։ Նման դատավճիռ էր կայացվել նաեւ 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։