Թուրքիայի, Պակիստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները հուլիսի 27-ին Բաքվում ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»:
Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփը ստորագրման արարողությանը նախորդած իր ելույթում նշել է, որ երեք երկրները պատասխանատվություն են կրում իրենց տարածաշրջաններում մշտական բնույթ ստացած խնդիրների լուծման համար:
Շենթոփն ընդգծել է, որ քաղաքական հարցերը, ինչպես նաեւ պաշտպանության, տրանսպորտի, տարածաշրջանային կապակցվածության, առեւտրի, էներգետիկայի, կրթության, զբոսաշրջության, ՏՏ ոլորտներում համատեղ գործունեությունը երեք երկրների համագործակցության անկյունաքարերն են։
Թուրքիայի մեջլիսի նախագահը «արժեքավոր գործընթաց» է բնորոշել համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու մասին Ադրբեջանի՝ որպես հաղթած պետության Հայաստանին արած կոչերը։
Մուսթաֆա Շենթոփը նշել է, թե իրենք հավատում են․ ամենաճիշտ քայլը, որ կարող է անել Հայաստանը, վերոնշյալ կոչին լավ մտադրությամբ եւ կառուցողական մոտեցմամբ պատասխանելն է:
«Հույս ունենք, որ չնայած պատերազմում պարտությանը՝ հունիսի 20-ին վերընտրված Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը: Եթե այս քայլն անկեղծորեն արվի, ապա ցանկանում եմ կրկին հայտնել, որ Թուրքիան նման մոտեցմամբ կպատասխանի»,- եզրափակել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։