ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 29-ին` 08։40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է կարճատեւ փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Սադրանքի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող:
Ըստ ՊՆ-ի` 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։
Խախտելով պայմանավորվածությունը
Այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր 03:00-ին ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մասին։
Մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել էր: 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է եղել, մինչեւ 08։40-ը կրակոցներ չկային:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հայկական կողմն է խախտում հրադադարը, իրենք պատասխան կրակ են բացում: