ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:
«Միացյալ Նահանգները դատապարտում է իրավիճակի վերջին սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով: Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում ենք պահպանել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող լարվածությունն ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ լուծումը, որը կանդրադառնա բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները եւ թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին խաղաղ ապրել:
Միացյալ Նահանգները հորդորում է Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության տեւական քաղաքական կարգավորմանը հասնելու համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում: