ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ներկայացրած լրացումը, որը դադարեցնում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին:
Նախքան լրացման ընդունումը Ֆրանկ Փալոնը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողություններին, որի հետեւանքով 3 հայ զինծառայող է զոհվել:
«Ադրբեջանի այսօրվա հարձակումը հայկական հողերը զավթելու եւ երկրում ժողովրդավարությունը խաթարելու ծրագրի մի մասն է։ Եթե այս ագրեսիայի անտեսումը շարունակվի, նրանք կշարունակեն հարձակումները՝ մահացու ելքով։ Ներկայացուցիչների պալատի ծախսերում փոփոխության վերաբերյալ իմ առաջարկած նախագիծը ադրբեջանական ուժերի ֆինանսավորումը դադարեցնելու ազդակ է»,- նշել է Փալոնը։
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցում» ծրագրի, ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին»:
Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վաշինգտոնյան գրասենյակը հայտնել է, որ այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում: