ՀՀ Կառավարությունը 3,459 միլիարդ դրամ (մոտ 72 միլիոն դոլար) է տրամադրել կորոնավիրուսի դեմ չինական Sinopharm եւ ամերիկա-գերմանական Pfizer ընկերությունների պատվաստանյութերի գնման համար։
ԱՀԿ-ն երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, իսկ Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաեւ 3-17 տարեկանների համար:
Ենթադրվում է, որ վերոնշյալ պատվաստանյութերի ձեռքբերման դեպքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա եւս 10%-ով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով):
Հայաստանում ներկայում կիրառվում է կորոնավիրուսի դեմ երեք տեսակի պատվաստանյութ՝ ռուսական Sputnik V, բրիտանա-շվեդական AstraZeneca եւ չինական CoronaVac։
Ըստ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի՝ առ այսօր երկրում պատվաստվել է 163 հազար մարդ։
Առողջապահության նախարարությունը, սակայն, չի հստակեցրել՝ պատվաստվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացի, քանիսը՝ օտարերկրացի (մասնավորապես՝ ՌԴ եւ Իրանի քաղաքացիներ):
Նշենք, որ ներկա պահին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվել է 229603 մարդ: Ընդհանուր առմամբ իրականացվել 1328107 թեստավորում:
Կորոնավիրուսը ՀՀ-ում խլել է 4604 մարդու կյանք, եւս 1119 վարակակիր մահացել է այլ պատճառներով: Տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4378 մարդ։