Gallup միջազգային հետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի բնակչության հուզական վիճակների վերաբերյալ իր ամենամյա զեկույցը։
Ըստ այդմ՝ ամենից հանգիստ են Հյուսիսային Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի երկրների բնակիչները։ Աշխարհի ամենախաղաղ հոգեվիճակն ունեցող մարդիկ ապրում են Ֆինլանդիայում, Իսլանդիայում, Ուրուգվայում, Պորտուգալիայում եւ Էստոնիայում։
Նախորդ տարվա համավարակի պատճառով ծագած բացասական հույզերն արդեն իրենց տեղը զիջել են դրականներին։
Հետազոտության տվյալների համաձայն՝ ֆիզիկական ցավի, անհանգստության, տխրության, սթրեսի եւ զայրույթի հանդիպման հաճախականությունը Թուրքիայում վերջին 15 տարվա համեմատ ամենաբարձր մակարդակի է հասել։
Բացասական հույզերի հաճախականության առումով առաջատար հնգյակում է հայտնվել Թուրքիան։
Ըստ Gallup-ի ուսումնասիրության՝ Թուրքիայի բնակիչներն աշխարհում ամենից քիչն են ժպտում։ Այս առումով Թուրքիան աշխարհում բացարձակ առաջատար է։ Ամենից քիչ հաճույք վայելող բնակիչներ ունեցող եւ ամենից շատ բարկացող երկրների ցանկում Թուրքիան՝ երկրորդ, իսկ ամենից հաճախ սթրեսի ենթարկվող մարդկանց թվով չորրորդ տեղում է։
Միեւնույն ժամանակ Միջին Արեւելքի երկրներում բացասական հուզականությունը դեռեւս գերիշխող է։ Իրաքը, Իրանն ու Եգիպտոսը բացասական հույզերի տարածվածության առումով առաջատարներից են։