ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել մարտական դիրքում հրազենային վնասվածք ստացած ավագ լեյտենանտի մասին:
Հաղորդագրությունում մասնավորապես նշվել է, որ հուլիսի 29-ին՝ 03:30-03:45-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքի Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հրազենային վնասվածք է ստացել ավագ լեյտենանտ Հ.Ս.-ն:
Դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ, եւ ձեռնարկվում է նախաքննություն: