Այսօր երկրային իր կյանքին հրաժեշտ տվեց մեր ժամանակի ամենատպավորիչ մարդը, որ լավ բանաստեղծ էր, նույնքան լավ արձակագիր, ոչ պակաս լավ թարգմանիչ։
Բայց Արմենի անգերազանցելի հմայքը բանավոր խոսքում էր։ Երբեք չէիր կարող կռահել նրա մտքի «հաջորդ քայլը» եւ միշտ պիտի զարմանայիր, թե անկռահելի ձեւակերպումների ոլորաններում որքան անթեք եւ ճշմարիտ է խոսքի տերը։
Ասածս ավելի համոզիչ կթվա, երբ կարդաք ստորեւ ներկայացվող հատվածները Արմեն Շեկոյանի 2003 թվականին «Հետքին» տված «Պահակներ կան, որ հսկում են օդը» հարցազրույցից։
Նոբելյան մրցանակի արժանի 21-րդ դարի առաջին գործը երեւի պիտի Հայաստանում գրվեր, բայց գրվե՞ց կամ գրվո՞ւմ է, չգիտեմ։ Այդ գործը, որ պիտի գրվեր կամ պիտի գրվի, ինչ-որ անհատի գործ է։ Անհատը կա կամ չկա, ազատության պակասից չի, որովհետեւ հիմա այդ գործն արդեն պիտի գրված լիներ ու ազատության չկամներից ոչ մեկն էլ չկարողանար խանգարել։ Խանգարիչ բան չի եղել, որ այդ գործը չի գրվել։ Խանգարիչն այն է, որ մենք դեռ չգիտենք, թե մեզ ինչ է պետք, մեր ուզածն ինչ է. թե՛ Ղարաբաղի հարցում, թե՛ մնացած բոլոր հարցերում ի մի չենք եկել, եթե ի մի գայինք, երեւի այդ գործը կծնվեր։
Ազատությունը երիտասարդությանն է պետք։ Ես հիմա 50 տարեկան եմ, եւ ինձ ավելի ձեռնտու է ազատ չլինել, բայց առողջ սիրտ ունենալ, ճնշում չունենալ եւ այլն եւ այլն։ Երբ ֆիզիկապես տկար ես, ազատությունից էլ հաճույք չես ստանում։ Մեր սերունդը բարդ կյանք ապրեց. կեսը՝ այն ժամանակներում, մյուս կեսն՝ այս։ Հիմա նոր սերունդը գոնե պիտի իմանա, թե ինքն ինչ ժամանակում է ապրում։ Մեզ հարցնում էին՝ ինչ երկիր է ձեր երկիրը, ասում էինք՝ սոցիալիստական։ Մեր սերունդները պիտի իմանան՝ ինչ ասեն։ Մեր սերունդները չգիտեն ինչ ասեն, մեր սերունդները գիտեն միայն, որ ինչ-որ թաղերից ինչ-որ դեպուտատների են ընտրում, որ ինչ-որ մեկը ասֆալտ է անում ինչ-որ նպատակով եւ այլն եւ այլն։ Նոր սերունդն ազատության ծարավ չունի։ Նայում ես հեռուստատեսությամբ՝ ջահելությունը լրիվ նույն կարգ ու կանոնով է ապրում, ինչ որ մեր թվերին կոմսոմոլի ակտիվիստները՝ ապրելու, շարժուձեւի նույն կերպն է։
Քաղաքականության մեջ մարդն իրեն ազատ է զգում, քան կզգար գրողի վիճակում։ Սա միայն ողջունելի է։ Նույնիսկ եթե մարդը գտնում է, որ ինքը կարող է հասարակությանը պիտանի լինել միաժամանակ թե արվեստում, թե ազգային ժողովում, դա էլ է հնարավոր։ Ամեն մարդ իր ազատությունը մի տեղ պիտի դրսեւորի։ Անհնար բան չկա, կարեւորը անկեղծ լինելն է։
Թե քաղաքականությունը, թե կրոնը, թե արվեստը ազատության մեջ են գեղեցիկ։ Եվ այսօր քաղաքական քննարկումները, հանրահավաքներն ու բանավեճերը թերի են հենց ազատության պակասով։ Տարբեր կուսակցություններից մարդիկ նստում են իրար դեմ եւ անկեղծ չեն խոսում, չես հասկանում՝ ինչու։ Մարդը, որ քաղաքականության մեջ է արդեն հինգ տարի ու ոչ մի միտք չի արտահայտում, ո՞նց ասեմ, որ նա քաղաքականության մեջ իրեն ազատ է զգում։ Մեր քաղաքական գործիչները ազատ չեն խոսում։ Ես չեմ ասում Ղարաբաղի հարցից կամ ինչ-որ արգելված թեմայից ազատ խոսեն։ Իրենք իրար հետ ազատ չեն զրուցում, ոչ միայն ազատ չեն զրուցում, այլեւ իրար չեն սիրում, ոչ միայն չեն սիրում, այլեւ չեն հարգում, երբ նստած են մի սեղանի շուրջը, նայում ես ու զգում, որ այս աշխարհի ազատությունը կամ այս աշխարհի օդը երկուսին չի հերիքում. նրանցից մեկը պիտի չլինի։