Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության հետագա աճի վտանգի վերաբերյալ:
«Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա սրման վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված եռակողմ ձեւաչափով պայմանավորվածությունների կատարման վրա»,- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը մեկնաբանելով՝ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
ՀԱՊԿ-ի կայքում հրապարակված փաստաթղթում արձանագրվել է, որ 2021-ի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետեւանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ են զոհվել, չորսը՝ վիրավորվել:
Զասը ցավակցել է զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
«Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներ»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ստանիսլավ Զասը ողջունել է Ռուսաստանի՝ տարածաշրջանային իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը։